Երեկ Երևանի կենդանաբանական այգի տեղափոխված Գագիկ Ծառուկյանի երեք առյուծներից մեկը անկել է։

Հիշեցնենք, որ կենդանիները հատուկ թմրեցումով տեղափոխվել էին Կենդանաբանական այգի։

Կենդանաբանական այգին հաստատել է այս տեղեկությունը՝ նշելով. «Այս պահին ցավով կարող ենք հաստատել, որ նախօրեին այգի տեղափոխված էգ առյուծը, պայմանավորված մեծ տարիքով և ուղեկցող հիվանդություններով (ինչն արդեն արձանագրված է հերձման ակտով) քնեցումից չի արթնացել։

Կենդանու օրգան համակարգերը եղել են ախտահարված փայծախը, լյարդը, թոքերը, սիրտը, լեղապարկում խոլեցիստիտային փոփոխություններ, առկա է ճարպակալում, որովայնի խոռոչում առկա է ազատ հեղուկ ինչը տարիքային փոփոխությունների հետևանք է»։

Հիշեցնենք՝ հուլիսի 6-ի վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։

Ավելի ուշ առանձնատան խուզարկության ավարտից հետո Ծառուկյանը ձերբակալվել է և տեղափոխվել Քննչական կոմիտե։ Նրա հետ միաժամանակ ձերբակալվել է ևս մեկ անձ։

Քննչական կոմիտեն իր հաղորդագրությամբ ներկայացրել է, թե ինչի համար է ձերբակալվել Ծառուկյանը. «Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթներից մեկով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գ.Ծ.-ի կազմակերպմամբ մի շարք անձինք 2022-2024 թվականների ընթացքում առերևույթ կատարել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում»։

Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ: Դրա շրջանակում Ծառուկյանի տնից ռգրավել են տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ, ինչպես նաև 3 առյուծ և 1 վագր, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց և տեղափոխվել Երևանի կենդանաբանական այգի։

Source: https://news.am/hy/news/1048442