Հայաստանում ֆերմերները բողոքի ակցիաներ են իրականացնում՝ իրենց դժգոհությունն արտահայտելով արտադրանքի արտահանման հետ կապված խնդիրներից, գրում է «Իզվեստիա» թերթը։
Վարունգ և լոլիկ արտադրողները փակել են դեպի Իրան տանող միջպետական ճանապարհը, իսկ ձկնաբույծները հավաքվել են կառավարության շենքի մոտ։ Նրանց խոսքով՝ վարչապետի խոստումները չեն իրականացել և եվրոպական շուկան իրենց համար շարունակում է փակ մնալ։
Ինչպես նշում է պարբերականը, վերջին մի քանի տարիների ընթացքում Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները շարունակում են վատթարանալ։ Արդյունքում՝ այս տարվա հունվար-մայիս ամիսներին երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 21,5%-ով։ Ենթադրվում է, որ ամառային ամիսների արդյունքներով այս ցուցանիշը կարող է էլ ավելի նվազել։ Այս ֆոնին Երևանում ավելի ու ավելի հաճախ են հայտարարություններ հնչում այն մասին, որ Եվրոպան կարող է այլընտրանք դառնալ ռուսական շուկային։
Հունիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքը Եվրոպական միություն կմատակարարվի առանց մաքսատուրքերի։
Մեկնաբան Յուրի Պոդոլյական հիշեցրել է, որ ընտրություններից առաջ Փաշինյանը խոստանում էր անձամբ գնել ֆերմերների ողջ արտադրանքը։ Նրա խոսքով՝ սա լավ առիթ կլիներ նախընտրական խոստումը կատարելու համար։ «Ինչպես և սպասվում էր, եվրոպական շուկաները, ուր շատախոս Նիկոլը խոստանում էր ուղարկել այդ բոլոր «լոլիկները», նույնպես հրաժարվեցին ընդունել դրանք»,- հայտարարել է նա։
Հրապարակման հեղինակների կարծիքով՝ քաղաքական ֆոնն ավելի է խորացնում տնտեսական լարվածությունը։ Ավելի վաղ Փաշինյանը հայտարարում էր, որ հունիսի 7-ի ընտրություններից հետո Մոսկվայի հետ հարաբերությունները կկարգավորվեն՝ վկայակոչելով Ռուսաստանի ղեկավարության հետ իր անձնական շփումները։ Այնուամենայնիվ, ինչպես նշում են փորձագետները, վիճելի հարցերը արագ լուծելու խոստումները դեռևս շոշափելի արդյունքների չեն հանգեցրել։
Քաղաքագետները գտնում են, որ վարչապետը փորձում է փոխհատուցել ներքին թույլ լեգիտիմությունը արտաքին աջակցության հաշվին, քանի որ, նրանց կարծիքով, Փաշինյանի իրական հենարանը վարչական ռեսուրսն ու ուժային կառույցներն են, այլ ոչ թե լայն հանրային աջակցությունը։
Վերլուծաբանները նախազգուշացնում են, որ միջազգային գործընկերների աշխարհաղաքական պահանջների կատարումը կարող է տնտեսական ռիսկեր առաջացնել քաղաքացիների համար։ Գյուղատնտեսությունն աշխատանքով է ապահովում հազարավոր մարդկանց, սակայն վնասներ է կրում։ Շատ ընտանիքների համար սա գոյատևման հարց է։ Միևնույն ժամանակ, կառավարությունը կանխատեսում է էներգակիրների գնաճ և բնակչությանը կոչ է անում «հարմարվել»՝ դա բացատրելով ազգային ինքնիշխանության պաշտպանության անհրաժեշտությամբ։
«Վզգլյադ» թերթը նույնպես գրում է, որ ֆերմերների և ձկնաբուծական տնտեսությունների տերերի բողոքի ակցիաները Նիկոլ Փաշինյանի որդեգրած եվրոպական կուրսի ուղղակի հետևանքն են։ Պարբերականի կարծիքով՝ Հայաստանի իշխանությունները մոլորության մեջ են գցել արտադրողներին՝ խոստանալով նրանց արտադրանքի ազատ մուտք տրամադրել դեպի Եվրոպական միության շուկա, մինչդեռ նախկինում Ռուսաստան արտահանվող ապրանքները Եվրոպայում իրացնելն անհնար է դարձել։
Source: https://news.am/hy/news/1051116