Կցանկանայի անդրադառնալ օբյեկտիվ տնտեսական ցուցանիշներին, որոնք համոզիչ կերպով վկայում են, որ Հայաստանի մասնակցությունը ԵԱՏՄ-ին հիմնված է փոխադարձ պարտավորությունների կատարման, այլ ոչ թե միակողմանի առավելություններ ստանալու վրա։ Այս մասին օգոստոսի 7-ին Ղրղզստանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ մաքսատուրքերի միասնական բյուջե է փոխանցել շուրջ 319 մլն դոլար, մինչդեռ Հայաստանի օգտին բաշխված միջոցների ծավալը կազմել է շուրջ 175 մլն դոլար։
Այսպիսով, Հայաստանը միասնական բյուջե է մուծել զգալիորեն ավելի շատ միջոցներ, քան ստացել է։ Սա մեր պատասխանատու դիրքորոշման և ԵԱՏՄ շրջանակում պարտավորությունների բարեխիղճ կատարման ուղիղ հաստատումն է։
Պակաս ցուցադրական չէ նաև փոխադարձ առևտրի դինամիկան․ 2025 թվականի արդյունքներով՝ ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծումը կազմել է շուրջ 5 մլրդ դոլար, մինչդեռ նույն ժամանակահատվածում հայկական արտադրանքի արտահանումը միության շուկա կազմել է շուրջ 3,2 մլրդ դոլար։
Այս թվերը ցույց են տալիս, որ Հայաստանը ոչ միայն ԵԱՏՄ ընդհանուր շուկայի մասնակից է, այլև միության անդամ պետություններում արտադրվող ապրանքների և ծառայությունների նշանակալի սպառող», — ընդգծել է Հայաստանի կառավարության ղեկավարը։
Source: https://news.am/hy/news/1054056