Եվրահանձնաժողովը խոստացել է խստացնել ՌԴ քաղաքացիների վիզաների տրամադրման կանոնները։ Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ եվրոպական 11 երկրներ մեղադրել են ԵՄ մի շարք պետությունների՝ ռուս զբոսաշրջիկների ընդունման հարցում չափազանց մեղմ վերաբերմունք ցուցաբերելու համար։ Այս մասին հայտնում է Euronews-ը։
Այս նախաձեռնությամբ հանդես են եկել Շվեդիան, Լեհաստանը, Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Դանիան, Նիդերլանդները, Չեխիան, ինչպես նաև Շենգենյան գոտու անդամ Իսլանդիան ու Նորվեգիան։
Համատեղ նամակում նրանք իրենց դժգոհությունն են արտահայտել այն կապակցությամբ, որ ԵՄ տարբեր երկրներ տարբեր կերպ են կիրառում Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո սահմանված սահմանափակումները։
Փաստաթղթի հեղինակների պնդմամբ՝ գործող պրակտիկան հանգեցրել է Եվրամիության վիզային քաղաքականության «մասնատմանը» և թուլացնում է կառույցի միասնությունը։
«Մասնատվածությունը նվազեցնում է մեր ազդեցության հնարավորությունները, խարխլում է հանրային վստահությունը և հակասական ազդակներ հղելու վտանգ է ստեղծում մի պահի, երբ անհրաժեշտ են հստակություն ու վճռականություն», — նշված է նամակում։
Առանձնակի քննադատության է արժանացել Ֆրանսիայի, Իտալիայի և Իսպանիայի քաղաքականությունը, որոնք շարունակում են մնալ Եվրոպայում ռուս զբոսաշրջիկների հիմնական ուղղությունները։
2025 թվականի վիճակագրության համաձայն՝ Ֆրանսիան Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրել է գրեթե 180 հազար շենգենյան վիզա՝ զգալիորեն ավելացնելով նախորդ տարում գրամցված ցուցանիշը։ Իտալիան ձևակերպել է շուրջ 160 հազար վիզա, իսկ Իսպանիան՝ գրեթե 100 հազար։
Դիմումի հեղինակները կարծում են, որ Ուկրաինայում շարունակվող հակամարտության ֆոնին այս իրավիճակը խնդրահարույց է։
«Լուրջ մտահոգություն է առաջացնում այն փաստը, որ ավելի ու ավելի շատ ռուս զբոսաշրջիկներ են հանգստանում եվրոպական լողափերում ու առողջարաններում այն ժամանակ, երբ հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը շարունակում են հարվածներ հասցնել Ուկրաինայի խաղաղ բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքներին», — նշված է փաստաթղթում։
Ի պատասխան սրան՝ Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ արդեն իսկ աշխատում է նոր սահմանափակումների ուղղությամբ։ Միգրացիոն հարցերով Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Մարկուս Լամմերտը հայտնել է, որ հաջորդ տարի Վիզային օրենսգրքի վերանայման շրջանակներում Բրյուսելը լրացուցիչ նպատակային սահմանափակումներ կառաջարկի Ռուսաստանի քաղաքացիների համար։
Նրա խոսքով՝ նոր միջոցները պետք է ուղղված լինեն անվտանգության այն ռիսկերի նվազեցմանը, որոնք կապված են օտարերկրյա պետությունների գործողությունների հետ։
Միևնույն ժամանակ, Եվրահանձնաժողովը հիշեցրել է, որ վիզաների տրամադրումը մնում է ազգային կառավարությունների իրավասության տիրույթում, իսկ Բրյուսելի հնարավորություններն այս ոլորտում սահմանափակվում են միայն համակարգմամբ ու վերահսկողությամբ։
Բրյուսելում նաև ընդգծել են, որ ռուսներին տրամադրվող վիզաների քանակն արդեն իսկ զգալիորեն կրճատվել է։ Եթե մինչև լայնամասշտաբ հակամարտության սկիզբը տարեկան ձևակերպվում էր շուրջ չորս միլիոն շենգենյան վիզա, ապա 2025 թվականին այդ թիվը նվազել է՝ հասնելով մոտ 500 հազարի։
Այդուհանդերձ, նախաձեռնության քննադատները նշում են, որ Ֆրանսիան, Իտալիան և Իսպանիան ավանդաբար ավելի շատ վիզային դիմումներ են ընդունում, քան ԵՄ փոքր պետությունները, ուստի բարձր ցուցանիշներն ինքնին չեն խոսում ավելի մեղմ քաղաքականության մասին։ Բացի այդ, նրանք մատնանշում են, որ Եվրամիության պատժամիջոցներն արդեն իսկ ուղղված են այն անձանց դեմ, որոնք անմիջականորեն կապված են Ռուսաստանի ղեկավարության և ռազմական գործողությունների հետ։
Source: https://news.am/hy/news/1041347