Եվրահանձնաժողովը հայտարարել է Մոլդովայի զարգացման ծրագրերում ավելի քան 641 միլիոն եվրոյի ներդրումներ կատարելու ծրագրերի մասին
Ինչպես հայտնում են Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունից, այս մասին հայտարարել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսը, ով պաշտոնական այցով գտնվում է Քիշնևում։
ԵՄ-Մոլդովա ներդրումային համաժողովի ընթացքում Կոսը ներկայացրել է երկրում մինչև 641 միլիոն եվրոյի ներդրումներ կատարելու ծրագրերը։ Դրանք իրականացվելու են միջազգային ֆինանսական կառույցների, ինչպես նաև պետական ու մասնավոր հատվածի գործընկերների հետ համատեղ։
Ներդրումներն ուղղվելու են այնպիսի ռազմավարական ոլորտներին, ինչպիսիք են էներգետիկան, թվային ենթակառուցվածքները, կրթությունը և կայուն գյուղատնտեսությունը։ Նպատակը երկրի տնտեսական դիմակայունության ամրապնդումն է, ենթակառուցվածքների բարելավումը և եվրոպական շուկային ինտեգրման գործընթացի արագացումը։
Մինչև 433 միլիոն եվրո կարող է տրամադրվել ԵՄ դրամաշնորհների, երաշխիքների և վարկերի տեսքով՝ միջազգային ֆինանսական կառույցների, այդ թվում՝ Եվրոպական ներդրման բանկի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ համագործակցությամբ։
Եվս մինչև 208 միլիոն եվրո ակնկալվում է ներգրավել մասնավոր հատվածից. համապատասխան «մտադրությունների մասին նամակներն» արդեն ստորագրվել են 8 ընկերությունների կողմից։
Մինչ այս Մոլդովան արդեն 504 միլիոն եվրո է ստացել՝ Եվրահանձնաժողովի կողմից մշակված Մոլդովայի «Աճի պլանի» շրջանակներում, որի ընդհանուր բյուջեն կազմում է 1,9 միլիարդ եվրո։
Եվրահանձնակատար Կոսը հունիսի 4-5-ը երկօրյա այցով գտնվում է Մոլդովայում՝ Մոլդովա-ԵՄ առաջիկա գագաթնաժողովին ընդառաջ։
Source: https://news.am/hy/news/1040856