Երկարատև դադարից հետո Հայաստանի եռագույնը հերթական անգամ ծածանվել է երկրագնդի ամենաբարձր և ամենավտանգավոր կետում՝ Էվերեստի գագաթին՝ 8848 մետր բարձրության վրա։ Մայիսի 20-ին և 21-ին հայ լեռնագնացներ Գևորգ Գասպարյանն ու Հայկ Մարգարյանը, հաղթահարելով ահռելի դժվարություններն ու սեփական հնարավորությունների սահմանները, 57-օրյա գերմարդկային պայքարից հետո նվաճեցին աշխարհի ամենաբարձր լեռը՝ Նեպալի կողմից։
Համաձայն հանրամատչելի տվյալների՝ ավելի քան մեկ տասնյակ հայեր են վերջին երեք տասնամյակների ընթացքում բարձրացել աշխարհի ամենաբարձր գագաթը։ Նրանց թվում են վրացահայ մարզիչ Լև Սարկիսովը (1999 թ.), Իգոր Խալաթյանը (2002 թ.), լիբանանահայ ալպինիստ Ավետիս Կալպակլյանը (2019 թ.) և ուրիշներ:
NEWS.am-ի գիտահանրամատչելի «Բա իմացա՞ր» ալիքի EXPERT հաղորդման շրջանակներում Էվերեստը նվաճած լոռնագնաց Գևորգ Գասպարյանը պատմել է կյանքի և մահվան սահմանագծին հանդիպած խոչընդոտների, ֆիզիկական ու հոգեբանական ճնշումների, ինչպես նաև այն մասին, թե ինչպես է 8848 մետր բարձրությունը փոխում մարդու մտածելակերպը։
Գևորգ Գասպարյանի խոսքով՝ Էվերեստ հասնելը, բացի ֆիզիկական և հոգեբանական պատրաստվածությունից, փորձից ու տեխնիկայից, նաև մեծ ֆինանսներ է պահանջում. այն բավականին թանկ հաճույք է։ Լեռան գագաթ հասնելու համար մեկ անձը կարող է ծախսել 50-80 հազար ԱՄՆ դոլար:
«Եթե, օրինակ, վճարում ես 60-80 հազար ԱՄՆ դոլար, քո փոխարեն պայուսակդ էլ են տանում, հավելյալ թթվածին էլ են տեղափոխում, որպեսզի երբ և որքան ուզենաս, անհրաժեշտ հոսքով կարողանաս օգտագործել այն։ Դա, բնականաբար, շատ դրական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա։ Նույնիսկ ուղղաթիռով հավելյալ սնունդ կհասցնեն այնտեղ. ինչ ուզես՝ կարող են անել քեզ համար, միայն թե վճարիր: Նրանք, ովքեր ավելի շատ են վճարում, ստանում են, այսպես ասած, «լյուքս սերվիս»՝ սկսած ուղղաթիռների սպասարկումից, վերջացրած 8000 մետր բարձրության վրա Coca-Cola ունենալով»,-ասաց մեր զրուցակիցը՝ ցավով արձանագրելով, որ նաև սա է պատճառը, որ Էվերեստի վրա իսկական լեռնագնացները գնալով քչանում են։
Անդրադառնալով լեռնագնացներին ուղեկցող նեպալցի շերպաների գործունեությանը՝ Գևորգը շեշտեց նրանց հետ փոխադարձ վստահության ձևավորման կարևորությունը։ Չէ՞ որ էքստրեմալ բարձրության վրա՝ հատկապես «մահվան գոտում» լեռնագնացը պետք է լիովին վստահ լինի, որ ուղեկցորդը պատրաստ է սեփական կյանքը վտանգելով փրկել իրեն։
«Նախ ասեմ, որ շերպաները ֆանտաստիկ ու անբացատրելի ուժեղ մարդիկ են։ Նրանք ապրում են շատ ծանր պայմաններում, մեծ մասամբ՝ աղքատ շրջաններում։ Բարձրլեռնային դաժան պայմաններն ու կենցաղն էլ հենց պատճառ են դարձել, որ նրանք ֆիզիկապես այդքան կոփված լինեն։
Պատկերացնելու համար նշեմ՝ նրանց վրա ամեն օր պարտավորություն կա մեկ կետից մյուսը՝ լինի դա գյուղից գյուղ, թե ճամբարից ճամբար, տեղափոխել նվազագույնը 40 կգ բեռ։ Ոմանք նույնիսկ մինչև 80-100 կգ են տեղափոխում։ Սա ահռելի ֆիզիկական ծանրաբեռնվածություն է, որը նրանք կրում են ամեն օր, քանի որ տարվա մեջ ընդամենը այս երկու-երեք ամիսների ընթացքում գումար վաստակելու հնարավորություն կա՝ լեռ բարձրանալու սեզոնով պայմանավորված և ապրելու միակ միջոցը հենց դա է»,-ասաց լեռնագնացը:
Գևորգ Գասպարյանի խոսքով՝ երկար տարիներ պտտվում էր այն թեզը, թե նեպալական տուրիստական ընկերությունների միջոցով Էվերեստ բարձրանալ պետք չէ, քանի որ նրանք տրամադրում են այնպիսի շերպաների, որոնց հետ վերելքի հաջողությունը երաշխավորված չէ։
«Պատճառն այն է, որ այդ ընկերությունները քիչ են վճարում ուղեկցորդներին։ Բնականաբար, բարձր որակավորում և մեծ փորձ ունեցող շերպաներն ավելի բարձր վարձատրություն են պահանջում։ Հետևաբար, եթե քո ուղեկցորդը չունի բավարար փորձառություն, քո վերելքն ու կյանքը, միանշանակ, վտանգվում են»,- նշեց լեռնագնացը՝ կիսվելով իր հետ պատահած փորձությունների, թթվածնի պաշարների սպառման, միայնակ վայրէջքի և այլ ուշագրավ ու հետաքրքիր դրվագների մասին:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ NEWS.am-ի տեսանյութում։
Source: https://news.am/hy/news/1047226