Ամերիաբանկի դուստր ընկերության՝ «Դիննոյի» կողմից ներդրված Eventhub տոմսերի վաճառքի հարթակը շարունակում է ընդլայնել իր գործունեությունը՝ հայկական միջոցառումները հասանելի դարձնելով ոչ միայն տեղական, այլև եվրոպական և տարածաշրջանային շուկաներում։

Հարթակը համագործակցում է Ֆրանսիայի, Գերմանիայի, Բելգիայի, Նիդերլանդների, Իսպանիայի և այլ երկրների գործընկերների հետ՝ ապահովելով տեխնիկական աջակցություն և տոմսերի իրացում արտերկրում կազմակերպվող հայկական միջոցառումների համար։ Այս գործակցության շնորհիվ արդեն իսկ իրականացվել է «Վիտամին ակումբի» եվրոպական շրջագայության և «Նոա» ֆուտբոլային ակումբի արտագնա մի շարք խաղերի տոմսերի վաճառքը։ Ընկերությունը սկսել է համագործակցել նաև billetmillet.com-ի հետ` հասանելի դարձնելով հայկական միջոցառումների տոմսերը Եվրոպայում բնակվող մեր հայրենակիցներին:

Eventhub-ն ակտիվորեն համագործակցում է նաև Վրաստանի առաջատար տոմսային ու միջոցառումների կազմակերպման հարթակների՝ tkt.ge-ի, biletebi.ge-ի և Starring Georgia-ի հետ։ Այդ գործընկերության արդյունքում հայ օգտատերերը հնարավորություն են ստացել ձեռք բերելու տարածաշրջանի ամենապահանջված միջոցառումների, այդ թվում՝ Kanye West-ի, Tom Odell-ի, Moby-ի, Ricky Martin-ի համերգների, Tbilisi Open Air փառատոնի և Մանկական Եվրատեսիլի տոմսերը։

Միաժամանակ, վրացի գործընկերների միջոցով Eventhub-ի հարթակում վաճառվել են նաև Հայաստանում կազմակերպված մի շարք միջոցառումների՝ Լարա Ֆաբիանի, Արկադի Դումիկյանի, Արմենչիկի համերգների և այլ նախագծերի տոմսերը։

Ի դեպ, Eventhub-ը տեխնոլոգիական լուծումներ ներդնելու շնորհիվ կարողացել է մի քանի անգամ ավելի արագ դարձնել հարթակի գործունեությունը: Մասնավորապես, որպեսզի տոմսերի որոնման ու ձեռքբերման գործընթացն առավել արագ լինի, Eventhub հարթակում ներդրվել են արհեստական բանականության գործիքներ, որոնք օգտագործվում են նաև մարքեթինգի, ծրագրավորման, վերլուծության և բիզնես գործընթացների կառավարման ուղղություններում: Իսկ կայքում և Telegram-ում անհրաժեշտ տեղեկատվությունը կարող եք վայրկյանների ընթացքում գտնել AI+ օգնական Նարեի միջոցով:

Վերջին ամիսներին հարթակում ներդրվել են մի շարք նոր հնարավորություններ՝ Add to Calendar, Share Event, միջոցառումների գնահատման համակարգ, «Ձեզ կարող է հետաքրքրել» առաջարկությունների բաժին և այլն։

Eventhub-ում արդեն կարելի է տեսնել նաև փորձառությունների (կինո, արվեստ, գաստրոնոմիա, արկածներ...) կատեգորիան, թիմը նշում է, որ մոտ ժամանակներս հարթակում արդեն հասանելի կլինեն նաև այլ ուղղություններ՝ ապահովելով հաճախորդների երեկոն պլանավորելու ամբողջական փորձառություն` նպատակ ունենալով վերափոխել ու բարելավել միջոցառումների ոլորտը:

Ընկերությունում ընդգծում են, որ նպատակն ամբողջական միջազգային էկոհամակարգի ձևավորումն է, որը միավորում է կազմակերպիչներին, արտիստներին, գործընկերներին և հանդիսատեսին՝ ստեղծելով ավելի վստահելի ու հասանելի տեխնոլոգիական միջավայր միջոցառումների կազմակերպման և տոմսերի վաճառքի համար։

Source: https://news.am/hy/news/1048111