Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը հայտարարել է, որ «Հարավկովկասյան երկաթուղին» (ՀԿԵ) ռուսական ընկերության «անվճար» ակտիվը չէ, իսկ համաձայնագրի վերանայման դեպքում որևէ լրացուցիչ վճարումների վերաբերյալ Հայաստանի պահանջներն անհիմն են, հաղորում է ТАСС-ը։

Այսպես է նա մեկնաբանել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Երևանն այլընտրանքներ է փնտրում Ռուսաստանի հետ հարաբերություններին ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական ոլորտում։

Ռեշետնիկովի տվյալներով՝ Հարավկովկասյան երկաթուղու զարգացման գործում Ռուսաստանն արդեն ներդրել է ավելի քան 30 միլիարդ ռուբլի, գնել է նոր շարժակազմ և զարգացնում է ենթակառուցվածքը գործող պայմանագրային պարտավորությունների շրջանակում։

«Եթե այդ պարտավորությունները միակողմանիորեն վերանայվեն, իսկ մեր ներդրողին վնաս հասցվի, մենք հիմքեր կունենանք պահանջելու դրա փոխհատուցումը»,- ընդգծել է նախարարը։

Նա հայտարարել է նաև, որ հարցադրումն այն մասին, թե նման իրավիճակում Ռուսաստանը պետք է լրացուցիչ որևէ բան վճարի Հայաստանին, անհիմն է։

Source: https://news.am/hy/news/1052598