Մայիսի 28-ին Երևանում կանցկացվեն տոնական միջոցառումներ՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության օրվան։ Կենտրոնական միջոցառումներից մեկը կլինի ռազմական շքերթը։

Ռազմական տեխնիկան արդեն բերվել է Երևանի կենտրոն՝ փորձերի համար։ Հայաստանի ռազմաօդային ուժերի Սու-25 գրոհային ինքնաթիռներն այսօր՝ մայիսի 25–ին, ուսումնական թռիչքներ են իրականացնում Երևանի երկնքում։

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, որ շքերթին կներկայացվի հայկական արտադրության ռազմական տեխնիկա և զենք, որոնք գտնվում են ՀՀ զինված ուժերում՝ սկսած անօդաչու թռչող սարքերից և ռադարային համակարգերից մինչև կապի սարքավորումներ և այլ սարքավորումներ։

Նախարարի խոսքով՝ առաջիկա շքերթը կծառայի որպես հանրային հաշվետվություն պաշտպանության ոլորտում կատարված աշխատանքների վերաբերյալ։

«Մենք կցուցադրենք այն բոլոր զենքերն ու ռազմական տեխնիկան, որոնք նախկինում երբեք չեն ցուցադրվել հանրությանը. մենք դրանք ձեռք ենք բերել, բայց երբեք չենք ցուցադրել», - հայտարարել է Պապիկյանը՝ հավելելով, որ սա հիմնականում վերաբերում է 2022-2025 թվականներին գնված զենքին։

Source: https://news.am/hy/news/1038114