Երևանում, այսօր՝ մայիսի 20–ին, մեկնարկել է Գլաձոր Պրեմիեր լիգայի առաջին մրցաշրջանը՝ Ararat Valley Country Club-ում: Միջհամալսարանական կրիկետի մրցաշարը կազմակերպվում է Երևանի Գլաձոր համալսարանի կողմից՝ Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան աջակցությամբ:
Մրցաշարը միավորում է Հայաստանի տարբեր համալսարանների հնդիկ ուսանողների, որոնք մրցում են միմյանց դեմ: Սակայն, գավաթներից և մեդալներից բացի, միջոցառումը նպատակ ունի խթանել սպորտային ոգին, թիմային աշխատանքը, առաջնորդությունը և ուսանողների ներգրավվածությունը՝ ստեղծելով կենսուրախ և բարեկամական համալսարանական մթնոլորտ: Կազմակերպիչների խոսքով, նախաձեռնության հեղինակները հենց հնդիկ ուսանողներն են:
Երևանի «Գլաձոր» համալսարանի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանը նշում է՝ համալսարանն ուրախ է աջակցել ուսանողների գաղափարին:
«Սա իրենց նախաձեռնությունն է, իսկ մենք, պարզապես, ողջունում ենք այս գաղափարը և ուրախ ենք, որ նման միջոցառումներ են կազմակերպում, որովհետև, ինչպես ընդունված է ասել՝ սպորտը բարեկամացնում է և ստեղծում ջերմ հարաբերություններ մարդկանց միջև: Մենք, պարզապես, շնորհավորում ենք և ուրախանում, որ մեր ուսանողները պահպանում են հնդկական համայնք, և այդ համայնքի պահպանումը Հայաստանում, կարծում եմ, շատ պարտավորեցնող գործ է: Երբ երիտասարդները միասին ուրախանում են, ուրեմն՝ արժի ապրել»,-հավելեց նա։
Մրցաշարին ներկա էր նաև Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան երկրորդ քարտուղար Ադիտյա Կումար Պանդեյը, ով գովաբանեց նախաձեռնությունը և ընդգծեց կրթության և սպորտի համատեղման կարևորությունը։
«Երևանի «Գլաձոր» համալսարանը կազմակերպում է այս միջոցառումը, և ես կարծում եմ, որ դա շատ լավ գաղափար է: Սպորտը, ինչպես և կրթությունը, շատ կարևոր են: Կրիկետը Հայաստանում ներկայացնելը հրաշալի է, և ես շատ շնորհակալ եմ, որ այս մրցաշարն անցկացվում է Երևանում: Մենք հույս ունենք, որ այս նախաձեռնությունը կշարունակվի ապագայում, քանի որ կրիկետի մասսայականացումը, իսկապես, կարևոր է»,-նշեց նա։
Մինչ մրցաշարի մեկնարկը Ադիտյա Կումար Պանդեյը, Ժորա Ջհանգիրյանը և դեսպանատան ու համալսարանի ներկայացուցիչները խաղադաշտում ցուցադրեցին իրենց՝ կրիկետի հմտությունները՝ խրախուսելով և քաջալերելով մասնակիցներին։
Մրցաշարը կշարունակվի մայիսի 21-ին՝ «Ararat Valley Country Club»-ում։
Source: https://news.am/hy/news/1036978
Armenia
Երևանում մեկնարկել է «Գլաձոր Պրեմիեր լիգա» միջհամալսարանական կրիկետի մրցաշարը
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։