ԵՄ-ն հաստատել է Ուկրաինայում պատերազմի աջակցության համար Խաղաղության եվրոպական հիմնադրամում մնացած 6,6 միլիարդ եվրոն ապաշրջափակելու Հունգարիայի համաձայնությունը և մտադիր է այդ գումարները տրամադրել եվրոպական երկրներին՝ որպես Կիևին կատարված ռազմական մատակարարումների փոխհատուցում։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը, ով ժամանել է Կիպրոս՝ Եվրամիության պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը։
«Մենք այժմ ունենք Հունգարիայի նոր կառավարություն, ինչը նշանակում է, որ մենք առաջ ենք շարժվում և ապաշրջափակում ենք Խաղաղության եվրոպական հիմնադրամից ստացված 6,6 միլիարդ եվրոն։ Այսօր մենք կքննարկենք նաև, թե ինչպես օգտագործել այդ միջոցները։ Սկզբնական գաղափարը ռազմական մատակարարումները փոխհատուցումն է [ԵՄ երկրներին]՝ բեռի [արդարացի] բաշխման համար»,- հայտարարել է նա։
Կալասն ընդգծել է, որ ԵՄ դիվանագիտական ծառայությունը պատրաստել է այդ գումարների բաշխման երկու նախագիծ, որոնցից առաջինն ուղղված է այն ԵՄ երկրների փոխհատուցմանը, որոնք Ուկրաինային ամենաշատ սպառազինությունն են մատակարարել, իսկ երկրորդը նախատեսում է միջոցների բաշխումը կատարված մատակարարումների փոխհատուցման և Կիևին ուղղվող նոր մատակարարումների միջև։
Պատասխանելով հարցին, թե արդյոք Ուկրաինան կարող է հավակնել այդ գումարների մի մասին՝ Կալասը պատասխանել է, որ ԵՄ-ն կփորձի հաշվի առնել բոլոր կողմերի շահերը, սակայն «ոչ ոք 100%-ով չի ստանա այն»։
Նա նաև հիշեցրել է, որ «Ուկրաինան արդեն հունիսին կկարողանա օգտագործել 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորման առաջին տրանշը», սակայն 6,6 միլիարդ եվրոյի և Խաղաղության եվրոպական հիմնադրամի վերաբերյալ «քննարկումները դեռ շարունակվում են»։ Խոսքն այն գումարների մասին է, որոնք Հունգարիայի կողմից Խաղաղության եվրոպական հիմնադրամում արգելափակվել էին դեռևս 2023 թվականին։ Պետեր Մադյարի կառավարությունն ավելի վաղ հայտնել էր, որ հանում է վետոն ուկրաինական հակամարտությունում այդ գումարների օգտագործման վրայից։
Source: https://news.am/hy/news/1041974