Եվրամիության (ԵՄ) և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջև ընտրությունը, որն այսօր ծառացած է Հայաստանի առջև, ընտրություն է անիրականանալի երազանքի և այնպիսի որոշակիության միջև, որն էականորեն օգնում է տնտեսության զարգացմանը։ Այս մասին ռուսական «ՌԲԿ» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է երկրի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

Նա այս ընտրությունը որակել է որպես «էկզիստենցիալ՝ Հայաստանի ողջ տնտեսության համար»։ «Կա կոնկրետ իրավիճակ, որը պարզապես թույլ է տալիս Հայաստանի տնտեսությանը շնչել և զարգանալ։ Մենք կարծես թե ինչ-որ պատրանքը դարձնում ենք առաջնահերթություն՝ հրաժարվելով այն ամենից, ինչն իրականում դրականորեն է ազդում մեր կյանքի վրա», - պարզաբանել է երկրի նախկին նախագահը։

Նա ընդգծել է, որ այժմ տարածաշրջանում «աշխարհաքաղաքական կենտրոնների պայքար է ընթանում սեփական ներկայությունն ապահովելու համար». եվրոպացիներն ու ամերիկացիներն «անում են հնարավոր ամեն ինչ՝ Ռուսաստանին դուրս մղելու համար»։ Միևնույն ժամանակ, Քոչարյանի խոսքով, Հայաստանն ինքն իրեն «ներքաշել է» այդ գործընթացի մեջ։

Երկրի նախկին ղեկավարի կարծիքով՝ ավելի խելամիտ կլիներ պարզապես չներքաշվել այս ամենի մեջ և սպասել, մինչև անցնի աշխարհաքաղաքական այս փոթորիկը։ Դրանից հետո միայն հնարավոր կլիներ նվազագույն կորուստներով որոշել, թե որ կողմին հարել։

Նա համոզված է, որ Մոսկվայի և Երևանի միջև հարաբերությունների խզման դեպքում հետևանքները աղետալի կլինեն Հայաստանի համար։ «Հայաստանի համար սա պարզապես աղետ կլինի։ Գյուղմթերքի 98%-ն արտահանվում է Ռուսաստան։ Եվրամիության շուկան պարզապես փակ և պաշտպանված շուկա է։ Այնտեղ արգելքները գրեթե անհաղթահարելի են… Հետևանքներն իրականում պարզապես աղետալի կլինեն», - վստահեցրել է Քոչարյանը։

Նրա համոզմամբ՝ Հայաստանի իշխանությունները չեն կարող իրական այլընտրանք առաջարկել։ Եվ պարզ չէ, թե Մոսկվայի հետ հարաբերությունների վատթարացման դեպքում հայ արտադրողները ուր կկարողանան արտահանել իրենց արտադրանքը։

Source: https://news.am/hy/news/1039938