Եվրամիությունը պատրաստ չէ իր վրա վերցնել իրական ծախսերը հանուն Հայաստանի, միայն հանրապետության համար ոչ ՌԴ-ից ստացվող գազը կարող է թանկանալ 3-4 անգամ: Այդ մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։

«Եվրամիությունը պատրաստ չէ իր վրա վերցնել իրական ծախսերը: Օրինակ՝ միայն գազի արժեքի տարբերությունը համաշխարհային գների հետ ծածկելու համար (իսկ գազի 84%-ը Հայաստանը ներկրում է Ռուսաստանից) տարեկան կպահանջվի մոտ մեկ միլիարդ դոլար: ԵՄ-ն դժվար թե դա փոխհատուցի: Նշանակում է՝ ծախսերի բեռը կընկնի բնակչության վրա: Գազը կթանկանա 3-4 անգամ», — ասված է ՌԴ ԱԽ մամուլի ծառայության տարածած մեկնաբանության մեջ, որը մեջբերում է ТАСС-ը:

Շոյգուն հիշեցրել է, որ Հայաստանում էլեկտրաէներգիայի զգալի մասն արտադրվում է գազից, ուստի Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) դուրս գալու և ռուսական մատակարարումների կրճատման դեպքում տնային տնտեսությունների համար գների աճից խուսափել չի հաջողվի:

«Հայաստանում էլեկտրաէներգիայի ավելի քան 40%-ը նույնպես արտադրվում է գազից: Համապատասխանաբար, արդյունաբերության և տնային տնտեսությունների համար էլեկտրաէներգիայի գների աճից խուսափել չի հաջողվի: Մոլդովայում, օրինակ, վերջին 5 տարում էլեկտրաէներգիայի գինն աճել է 2-2,5 անգամ»,- նշել է նա:

Source: https://news.am/hy/news/1040669