Հայաստանում հինգերորդ սերնդի բջջային կապի ցանցերի ակտիվ ընդարձակման ֆոնին արձանագրվել է զեղծարարների ակտիվության աճ՝ շահագործելով քաղաքացիների տեխնոլոգիական անտեղյակությունը։ Զեղծարարները, ներկայանալով որպես հեռահաղորդակցման կազմակերպությունների աշխատակիցներ, առաջարկում են «թարմացնել կարգավորումները» կամ «ակտիվացնել 5G» հեռախոսի հրամանների միջոցով։

Սխեման հիմնված է USSD հրամանների՝ կարճ ծառայողական կոդերի (օրինակ՝ *123#) միջոցով մանիպուլյացիաների վրա։ «Կապի նոր ստանդարտին անցնելու» պատրվակով զոհին համոզում են հավաքել թվերի կոմբինացիա, որն իրականում ակտիվացնում է բոլոր մուտքային զանգերի և SMS հաղորդագրությունների անվերապահ վերահասցեավորումը դեպի զեղծարարի հեռախոսահամար։ Որոշ դեպքերում օգտատիրոջն առաջարկում են ներբեռնել այլ հավելված, որն իբր, անհրաժեշտ է 5G-ի աշխատանքի համար, ինչն իրականում լրտեսական ծրագիր է։

Արդյունքում զեղծարարները ստանում են հասանելիություն բանկային հավելվածների և էլեկտրոնային դրամապանակների մեկանգամյա օգտագործման գաղտնաբառերին (OTP)։ Քանի որ հաղորդագրությունները ուղարկվում են զեղծարարի հեռախոսին, զոհն այլևս չի տեսնում գումարի դուրսգրման կամ վարկերի ձևակերպման մասին ահազանգերը, ինչը զեղծարարին ժամանակ է տալիս միջոցները ստանալու համար։

Գլխավոր դատախազությունը և բջջային օպերատորները պարբերաբար նախազգուշացումներ են տարածում քաղաքացիների համար։ Դրանց հիմնական շեշտադրումն այն է, որ Հայաստանում 5G-ն թարմացվում է ավտոմատ։ Եթե սմարթֆոնը, SIM քարտը և սակագնային փաթեթը աշխատում են նոր տեխնոլոգիայով, ոչ մի լրացուցիչ ձեռքով կարգավորում անհրաժեշտ չէ։

Սխեմայի նենգությունն այն է, որ USSD հրամանների մուտքագրումը կամ հավելվածների ներբեռնումը սմարթֆոնն օգտագործողի կողմից կամավոր է կատարվում։ Իրավաբանական տեսանկյունից սա ծայրաստիճան բարդացնում է խնդրի լուծումը, քանի որ բանկի անվտանգության համակարգերի տեսանկյունից հասանելիությունը տրվել է հենց օգտատիրոջ կողմից։

Տեխնոլոգիական առաջընթացը ձեզնից չի պահանջում ճնշման տակ կատարել ձեռքով բարդ գործողություններ։ Ձեր ֆինանսները պաշտպանելու համար հետևեք այս կանոններին․

5G-ն հեռախոսով չի կարգավորվում։ Տվյալների փոխանցման ավելի բարձր արագության անցումը կատարվում է ավտոմատ և չի պահանջում հատուկ հրամանների հավաքում կամ հավելյալ ծրագրերի ներբեռնում։ Եթե կապն ինքնուրույն չի անցել նոր ստանդարտի, դիմեք ձեր բջջային օպերատորին։

Անտեսեք USSD հրահանգները։ Երբեք մի հավաքեք հեռախոսում անծանոթների կողմից թելադրված կոդեր, ում անունից էլ որ նրանք ներկայանան։

Հրաժարվեք հղումների միջոցով ծրագրեր ներբեռնելուց։ Բոլոր բջջային օպերատորների պաշտոնական հավելվածները հասանելի են միայն Google Play-ում և App Store-ում։ Մեսենջերների միջոցով ուղարկված ցանկացած ֆայլ ուղղակի սպառնալիք է։

Ինքներդ ստուգեք տեղեկատվությունը։ Եթե ստացել եք «ցանցի կարգավորման» վերաբերյալ զանգ՝ անջատեք այն և ինքներդ զանգահարեք ձեր բջջային օպերատորին պաշտոնական հեռախոսահամարով։

Հետեւեք ազդանշանին։ Եթե ձեր հեռախոսը հանկարծակի դադարել է ստանալ մուտքային զանգեր և SMS հաղորդագրություններ, շտապ կապ հաստատեք կապի օպերատորի և բանկի հետ այլ սմարթֆոնի միջոցով․ հնարավոր է, որ ձեր սարքի վրա արդեն ակտիվացված է վերահասցեավորումը։

Հիշեք․ 5G-ն ոչ մի տեղ չի անհետանա։ Իսկ ձեր հեռախոսին և գումարին հասանելիությունը կարող եք կորցնել մեկ րոպեի ընթացքում։ Ֆինանսական անվտանգությունը սկսվում է ստուգելու և չշտապելու պարզ սովորությունից։

Source: https://news.am/hy/news/1038087