Բոլոր ակնառու երկակի ստանդարտները, որոնք դուք ցուցաբերում եք Հայաստանի շահերի ու Նիկոլ Փաշինյանի միջև ընտրություն կատարելիս, մի կողմ դրած, այնուամենայնիվ ուղղակի հետաքրքիր է` դե ֆակտո մեր երկրի ղեկավար Նիկոլ Փաշինյանի կողմից կիրառվող մոտեցումները որքանո՞վ են ընդունելի Եվրոպական երկրների և ԱՄՆ համար։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է հասարակական գործիչ Քրիստինա Նազարյանը՝ դիմելով Հայաստանում ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպանություններին, ինչպես նաև Երևանում ԵՄ գրասենյակ։
«1. Քաղաքական հետապնդումները, ընդհուպ մինչև երկարատև կալանքները շինծու և ապօրինի գործերի շրջանակներում, որոնք տևում են արդեն 8 տարուց ավել: Քաղաքական ձերբակալությունների աննախադեպ քանակը, ազատազրկման մեջ գտնվող մարդկանց մահերը, կալանքներով նրանց առողջությանը աննկարագրելի վնաս պատճառելը, անչափահաս երեխաներին մայրերից ամիսներով զրկելը` որքանո՞վ է տեղավորվում եվրոպական արժեհամակարգի մեջ:
2. Բոլոր քաղաքական և վարչական պաշտոններին`
փոխվարչապետներ, նախարարներ, փոխնախարարներ, մարզպետեր և այլ նշանակովի պաշտոններին բացառապես իշխող կուսակցության անդամների նշանակումները:
3. Ընդդիմության, որը ավել ձայներ է հավաքել վերջին ընտրություններին, քան իշխող ուժը, հանդեպ ակնհայտ հանցավոր, մարդու կյանքի և ունեզրկման վերաբերյալ սպառնալիքները` որոնք հնչեցրել է անձամբ Նիկոլ Փաշինյանը և որոնք մասամբ կյանքի է կոչել:
4. Առանց դատական արժանահավատ պրոցեսի և վճռի, խոշոր բիզնեսի հանդեպ կատարված ավազակային, ռեյդերային զավթումներին իշխանությունների կողմից:
Դուք այս ամենին արժանի գնահատական տալու՞ եք, թե՞ մենք տարիներով թյուրըմբռնում ենք ունեցել Եվրոպական արժեհամակարգի վերաբերյալ:
Դուք այս ամենը ձեր երկրներում կհանդուրժեի՞ք, թե՞ ձեզ համար Հայաստանը չորրորդ կարգի երկիր է, որտեղ ցանկացած ապօրինություն ձեզ չի հետաքրքրում, քանի դեռ արտաքին քաղաքականության դաշտում ամեն բան ձեր ուզածով է, կամ ձեր ուզածովի միտում ունի:
Դուք ձեր երկրների քաղաքացիներին հաշվետո՞ւ եք կատարված աշխատանքի համար, թե՞ ձեր երկրների ներսում այլ արժեքներ են գործում, իսկ երկրներից դուրս` այլ, և արդյոք ձեր քաղաքացիները տեղյակ են այդ ամենի մասին: Հուսով եմ, որ այդ հաշվետվության շրջանակներում ձեր քաղաքացիները չեն հապաղի համապատասխան գնահատականի արժանացնել թե նիկոլ փաշինյանին և թե ձեր կատարած աշխատանքին»։
Source: https://news.am/hy/news/1056038