Իսրայելն Իրանի հետ պատերազմի ընթացքում Ադրբեջանում տեղակայել է էլիտար ստորաբաժանումներ։ Այս մասին գրել է CNN-ը՝ հղում կատարելով մի քանի աղբյուրների։

Երկու աղբյուրի խոսքով՝ իսրայելական ուժերը գործել են Ադրբեջանի հարավում՝ Իրանի սահմանի մոտ գտնվող մի քանի վայրերում։

Այդտեղ նաև տեղակայվել են հատուկ նշանակության ստորաբաժանումներ, որոնք իրականացրել են հետախուզական առաքելություններ և անօդաչու սարքերի կիրառմամբ գործողություններ, ինչն Իսրայելին պատերազմի ընթացքում արժեքավոր հնարավորություն է տվել հետևելու հյուսիսային Իրանին։

Աղբյուրները CNN-ին հայտնել են, որ Ադրբեջանում գտնվող օբյեկտները տարբեր երկրներում, այդ թվում՝ Իրաքում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Սոմալիլենդում, առկա բազմաթիվ գաղտնի ռազմական օբյեկտների և բազաների թվում էին։

Այս ուժերը, որոնք սկզբնապես նախատեսված էին որպես հնարավոր փրկարարական ջոկատներ արտակարգ իրավիճակի դեպքում, սկսել են օգտագործվել ռազմական և հետախուզական գործողությունների համար։

«Ադրբեջանում իրականացված գործողությանը մասնակցել են մի քանի տասնյակ զինծառայողներ, այդ թվում՝ իսրայելական հատուկ նշանակության ուժերի մարտիկներ, ինչպես նաև «Մոսադ»-ի աշխատակիցներ», - նշվել է հրապարակման մեջ։

ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան ներկայացուցիչը հեռուստաալիքին հայտնել է, որ «Բաքուն վճռականորեն մերժում է անհիմն պնդումները Ադրբեջանի տարածքը երրորդ երկրների դեմ գործողությունների համար ենթադրաբար օգտագործելու վերաբերյալ»։

Source: https://news.am/hy/news/1041156