Քաղաքական ուժերի հայցով ՍԴ-ում ընթացող քննության ժամանակ չի ապացուցվել, որ Հակակոռուպցիոն կոմիտեն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից կամ կատարել է գործողություններ, որոնք կարող են որպես միջամտություն դիտարկվել ընտրական գործընթացին։ Այս մասին ՍԴ նիստում իր եզրափակիչ ելույթում հայտարարել է կոմիտեի ներկայացուցիչ Արմեն Ասատրյանը։
Նրա խոսքով՝ Հակակոռուպցիոն կոմիտեն իր լիազորություններն իրականացրել է պատշաճ կարգով, իսկ հրապարակումները (ընտրակաշառքների վերաբերյալ – խմբ․) հետապնդել են հանցագործությունների կանխարգելման նպատակ և ամենևին միտված չեն եղել քաղաքացիների ընտրության վրա ազդելուն։
Ասատրյանն անհիմն է որակել անմեղության կանխավարկածի խախտման կամ ընտրողների վրա ապօրինի ճնշում գործադրելու վերաբերյալ մեղադրանքները՝ նշելով, որ չի ներկայացվել որևէ փաստ, որը պատճառահետևանքային կապ ցույց կտար Հակակոռուպցիոն կոմիտեի գործողությունների և ընտրողների քվեարկության միջև։ Նա չի հերքել, որ հրապարակված ձայնագրությունները մոնտաժված են եղել, սակայն վստահեցրել է, որ մոնտաժումը չի նշանակում բովանդակության աղավաղում, ուստի չի կարող հիմք հանդիսանալ դրանց ապացուցողական ուժը կասկածի տակ դնելու համար։
Ընտրակաշառքի դեպքերը կրել են զանգվածային բնույթ, արձանագրվել են ինչպես մարզերում, այնպես էլ Երևանում։ Դրանք ունեցել են նույնանման ձեռագիր և չեն կարող դիտարկվել որպես իրարից անջատ դեպքեր, այլ եղել են համակարգված գործողություն, որը վտանգել է քաղաքացիների ազատ կամարտահայտման հնարավորությունը, հայտնել է Ասատրյանը՝ հավելելով, որ եթե կոմիտեն չգործեր, հետևանքներն ավելի վատը կլինեին։ Հենց ակտիվ և նպատակային միջամտությունն է թույլ տվել բացահայտել ու խափանել այդ սխեմաները։ Իսկ հայցվորների ներկայացրած փաստարկները լոկ ենթադրություններ են և ոչ թե փաստեր, ընդգծել է Ասատրյանը։
Source: https://news.am/hy/news/1047114