Մինչ աշխարհը Ուինսթոն Չերչիլին հիշում է որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի գլխավոր առաջնորդներից մեկին, հենց Չերչիլի համար կար նաև կյանքի մեկ այլ՝ շատ ավելի անձնական կողմ՝ նկարչությունը, գրում է Independent-ը։
Լոնդոնի The Wallace Collection թանգարանում բացված նոր ցուցահանդեսը Չերչիլին ներկայացնում է ոչ միայն որպես քաղաքական գործիչ և հռետոր, այլև որպես նկարիչ, որը արվեստն օգտագործում էր միաժամանակ որպես հուզական փրկություն, դեպրեսիան հաղթահարելու միջոց և նույնիսկ փափուկ դիվանագիտության գործիք։
Ցուցադրությունը միավորում է շուրջ 60 աշխատանք Չերչիլի կյանքի ընթացքում ստեղծած մոտ 600 նկարներից։
Չերչիլը նկարել սկսել է համեմատաբար ուշ՝ 1915 թվականին, 40 տարեկանում։ Դա տեղի ունեցավ նրա կարիերայի ամենածանր շրջաններից մեկից հետո՝ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Գալիպոլիի գործողության ձախողումից հետո, որի հետևանքով քաղաքական գործիչը փաստորեն հայտնվել էր աքսորում։
Հենց այդ ժամանակ նրա հարսը խորհուրդ տվեց նրան փորձել նկարչությունը։
Ցուցահանդեսի համադրողների խոսքով՝ նկարչությունը գրեթե ակնթարթորեն դարձավ Չերչիլի համար հոգեբանական վերականգնման միջոց։
Շուտով նա սկսեց դասեր վերցնել հայտնի նկարիչ Ջոն Լավերիից։
Նույնիսկ 1916 թվականին բանակում ծառայելու ընթացքում Չերչիլը շարունակում էր նկարել՝ այդ թվում՝ անմիջապես Բելգիայում ռազմաճակատի գծի մոտ։
Չերչիլը երկար տարիներ պայքարում էր դեպրեսիայի նոպաների դեմ, որոնք ինքն էր անվանում իր «սև շունը»։
Պատմաբանների կարծիքով՝ հենց արվեստը դարձավ նրա համար հուզականորեն գոյատևելու միջոց։
Ավելի ուշ քաղաքական գործիչը նկարչության մասին գրել է էսսեներում, որոնք հետագայում հրապարակվել են Painting as a Pastime գրքում։
Իր աշխատանքները նա համեստորեն անվանում էր «քսուքներ» (daubs), թեև շարունակում էր նկարել գրեթե ողջ կյանքում։
Արվեստի դիլեր և արվեստաբան Ֆիլիպ Մոլդը կարծում է, որ Չերչիլի համար նկարչության նշանակությունը դժվար է գերագնահատել։ «Նա արվեստն օգտագործում էր, որպեսզի վերալիցքավորվի, մաքրի միտքը և հաղթահարի առաջնորդության ճնշումը»,— ասում է Մոլդը։
Նրա կարծիքով՝ առանց այդ հուզական ելքի Եվրոպայի պատմությունը կարող էր այլ կերպ դասավորվել։ «Ես նույնիսկ կասեի, որ առանց արվեստի, որն օգնում էր Չերչիլին պահպանել հոգեբանական կայունությունը, նացիստական սպառնալիքը միանգամայն կարող էր հաղթել»։
Ցուցահանդեսում ներկայացված են վաղ շրջանի ինտերիերներ և նատյուրմորտներ, որոնք նկարված են Blenheim Palace-ում՝ Չերչիլի տոհմական կալվածքում, ինչպես նաև բազմաթիվ բնապատկերներ Ֆրանսիայից, Իտալիայից և Մարոկկոյից։
Ժամանակի ընթացքում նրա ոճը դառնում էր ավելի վառ ու համարձակ։
Առանձնահատուկ տեղ է զբաղեցնում The Tower of the Koutoubia Mosque կտավը, որը նկարվել է 1943 թվականին Կասաբլանկայի համաժողովից հետո։
Սա միակ աշխատանքն է, որ Չերչիլը ստեղծել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին իր առաջին վարչապետության ընթացքում։
Քաղաքական գործիչը այն նվիրել է ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտին՝ որպես դաշնակցային հարաբերությունների խորհրդանիշ։
Ավելի ուշ կտավը պատկանել է Անջելինա Ջոլիին, իսկ 2021 թվականին այն վաճառվել է Christie's աճուրդում ռեկորդային 8,28 միլիոն ֆունտ ստեռլինգով՝ Չերչիլի աշխատանքի համար վճարված ամենաբարձր գումարով։
Թեև Չերչիլը ճաշակում բավական պահպանողական էր մնում և չէր սիրում ավանգարդը, նա հետաքրքրվում էր հետիմպրեսիոնիստներով, գնահատում էր Կլոդ Մոնեին և ուսումնասիրում Պոլ Սեզանի ստեղծագործությունը։ Միևնույն ժամանակ Պաբլո Պիկասոյի նկատմամբ նա սառն էր վերաբերվում։
Հեգնանքն այն է, որ ինքը՝ Պիկասոն, մի անգամ բարձր է գնահատել Չերչիլի աշխատանքները։
1948 թվականին տեսնելով La Dragonnière նկարը՝ նկարիչը նկատել է, որ Չերչիլը «կարող էր առանց դժվարության ապրուստ վաստակել նկարչությամբ», եթե զբաղված չլիներ Եվրոպան ֆաշիզմից փրկելով։
Source: https://news.am/hy/news/1038165
World
Չերչիլն արվեստն օգտագործում էր որպես թերապիա․ ինչպես էր նկարչությունն օգնում բրիտանացի առաջնորդին ֆաշիզմի դեմ պայքարում
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Միանալ Telegram-ումԿիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։