Մոսկվայի և Երևանի միջև հարաբերությունների սրումը, ինչը պայմանավորված է Եվրամիության հետ ավելի սերտ ինտեգրվելու Հայաստանի ձգտումով, հանգեցրել է հերթական առևտրային պատերազմին։ Ռուսաստանն ընդամենը մի քանի օրվա ընթացքում արգելել է Հայաստանից ծաղիկների, մրգերի, բանջարեղենի, «Ջերմուկ» հանքային ջրի և հանրապետության մի քանի առաջատար գործարանների կոնյակի ներկրումը՝ պատճառաբանելով, թե արտադրանքը չի համապատասխանում սահմանված պահանջներին։ Սակայն, ինչպես գրում է «Коммерсант»-ը, հակամարտությունը հազիվ թե այսքանով ավարտվի։
Եվրամիության առաջնորդների վերջերս Երևան կատարած այցը, որը հատկապես տպավորվել է քաղաքի կենտրոնում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ունեցած ելույթով, արժանացել է Մոսկվայի բացասական արձագանքին։ Ռուսական իշխանություններն հասկացրել են, որ Հայաստանի համար դժվար կլինի միաժամանակ թե՛ օգտվել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում առևտրի արտոնություններից, թե՛ ակտիվ կապեր զարգացնել այն երկրների հետ, որոնց Ռուսաստանն համարում է ոչ բարեկամական։
Ի պատասխան սրան՝ Մոսկվան սահմանափակումներ է մտցրել հայկական տնտեսության համար մի շարք զգայուն ապրանքների ներմուծման վրա՝ արգելելով ծաղիկների, «Ջերմուկ» հանքային ջրի, ինչպես նաև «Վեդի-Ալկո»-ի, Աբովյանի կոնյակի գործարանի և «Շահնազարյան» գինու-կոնյակի տան արտադրանքի մուտքը։ «Ջերմուկի» վաճառքը փաստացի կաթվածահար է եղել. «Չեստնի զնակ» մակնշման համակարգը հենց առաջին օրը արգելափակել է 37 միլիոն շիշ հանքային ջրի իրացումը։
Հայաստանի տնտեսությունն էականորեն կախված է ռուսական շուկայից։ ՄԱԿ-ի տվյալներով՝ 2024 թվականին հայկական արտահանման գրեթե 24%-ը բաժին է ընկել Ռուսաստանին։ Ընդ որում, 2025 թվականին Հայաստանից արտահանման ծավալները կրճատվել են գրեթե 35%-ով՝ կազմելով 8,39 միլիարդ դոլար։ Գլխավոր պատճառը դեպի Ռուսաստան ապրանքների, հատկապես՝ թանկարժեք մետաղների ու քարերի վերաարտահանման ծավալների անկումն է։
2022 թվականի փետրվարից հետո Հայաստանը դարձել է դեպի Ռուսաստան զուգահեռ ներմուծման հիմնական հանգույցներից մեկը։ Մեր երկրի միջով ՌԴ էին հասնում ավտոմեքենաներ, տեխնիկա և սարքավորումներ, որոնք պաշտոնապես Հայաստանում չեն արտադրվում։ Մեքենաների և սարքավորումների արտահանումը 2021 թվականի համեմատ գրեթե կրկնապատկվել էր, իսկ ավտոմեքենաներինը՝ աճել 15 անգամ։ Վերլուծաբանների գնահատմամբ՝ Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 5%-ը ձևավորվում էր հենց դեպի Ռուսաստան ապրանքների վերավաճառքի հաշվին։
Սահմանափակումների տակ հայտնված ապրանքների թվում են նաև ծաղիկները։ Ռուսաստանում տարեկան վաճառվող 300 միլիոն կակաչներից մոտ 10 միլիոնը ներկրվում է Հայաստանից։ Այս ծաղիկների զգալի մասը բաժին է ընկնում է հոլանդական սոխուկներին կամ Էկվադորից ու Նիդերլանդներից Հայաստանի միջոցով ներկրվող ծաղիկներին։ Բացի այդ, Հայաստանը Ռուսաստան է արտահանում մատչելի վարդեր, որոնք 30–60%-ով ավելի էժան են, քան էկվադորյան նմանօրինակները։
Հաջորդ կարևոր խումբն այն ապրանքներն են, որոնք արտադրվում են հենց Հայաստանում՝ կոնյակը, հանքային ջուրը, մրգերն ու բանջարեղենը։ Սահմանափակումների հարվածն ամենից շատ զգալու է հենց այս ոլորտը, քանի որ այն ուղղակիորեն կապված է տեղական արտադրության հետ։
Հատկապես ցավոտ կարող է լինել հայկական կոնյակագործությանը հասցված հարվածը։ Ողջ հայկական կոնյակի 80%-ից 90%-ն արտահանվում է ռուսական շուկա, և արտադրողների համար չափազանց դժվար կլինի արագորեն վերակողմնորոշվել դեպի Եվրոպա կամ ԱՄՆ։ 2023 թվականին դեպի Ռուսաստան հայկական կոնյակի արտահանման ծավալը գնահատվել է մոտ 191,7 միլիոն դոլար։
Հայկական կոնյակը զբաղեցնում է Ռուսաստանի ներկրվող կոնյակի շուկայի կեսից ավելին։ Իսկ 10 տարուց ավելի հնեցում ունեցող խմիչքների սեգմենտում դրա մասնաբաժինը հասնում է 50%-ի։ Ընդ որում, արտադրողների հիմնական եկամուտը ապահովում են հենց ավելի մասսայական սպառում ունեցող՝ 3-ից 5 տարվա հնեցման կոնյակները։
Այս խնդիրներն անդրադառնում են նաև ռուսական ձեռնարկությունների վրա։ Ռուսաստանի գործարանների մոտ կեսն իր արտադրանքի մեջ օգտագործում է հայկական կոնյակի սպիրտ։ Փորձագետները նշում են, որ տեղական խաղողը բավականացնում է Ռուսաստանում կոնյակի ներքին արտադրության միայն մոտ 20%-ն ապահովելու համար։ Եթե հայկական հումքի մատակարարումն ամբողջությամբ դադարեցվի, ապա ռուսական ընկերությունները ստիպված կլինեն այլընտրանքներ փնտրել Վրաստանում, Ադրբեջանում կամ Ուզբեկստանում։
Մեկ այլ զգայուն խումբ են հայկական մրգերն ու բանջարեղենը։ Ըստ մասնագետների գնահատականների՝ հայկական մրգերի մոտ 90%-ն արտահանվում է հենց Ռուսաստան։ Այս ծավալները արագորեն դեպի Եվրոպա կամ Չինաստան ուղղելն անհնար է՝ լոգիստիկայի և ապրանքի պահպանման կարճ ժամկետների պատճառով։
Հայաստանը տարեկան Ռուսաստան է արտահանում 30-40 հազար տոննա ջերմոցային լոլիկ, ինչը կազմում է ռուսական շուկա ներկրվող լոլիկի ընդհանուր ծավալի մոտ 8%-ը։ Այս պակասուրդը Ռուսաստանը տեսականորեն կարող է լրացնել Թուրքիայից, Ուզբեկստանից, Ադրբեջանից և Չինաստանից կատարվող մատակարարումների հաշվին։
Ճնշման ևս մեկ հնարավոր լծակ է մնում գազի մատակարարումը։ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արդեն հասցրել է Երևանին հիշեցնել ռուսական գազի գնային առավելությունների մասին։ Այսօր Հայաստանը ռուսական գազը ստանում է հազար խորանարդ մետրի դիմաց մոտ 177 դոլարով, մինչդեռ եվրոպական բորսաներում գներն անհամեմատ բարձր են։
Ռուսաստանը գրեթե ամբողջությամբ է ապահովում Հայաստանի գազի պահանջարկը։ 2025 թվականին մատակարարումները կազմել են 2,7 միլիարդ խորանարդ մետր։ Երկիրը լրացուցիչ մոտ 476 միլիոն խորանարդ մետր գազ էլ ստանում է Իրանից, սակայն այս ծավալն օգտագործվում է «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» փոխանակման սխեմայով։
Տեսականորեն Իրանը կարող է մեծացնել մատակարարման ծավալները, բայց դա էլի բավարար չի լինի Հայաստանի պահանջներն ամբողջությամբ հոգալու համար։ Իսկ Ադրբեջանից գազ գնելու հնարավորությունը նույնպես սահմանափակ է. Բաքուն ազատ ծավալներ չունի, իսկ գներն էլ կարող են չափազանց բարձր լինել։
Առանձին խնդիր են մնում համատեղ ենթակառուցվածքային նախագծերը։ 2008 թվականից ի վեր Հայաստանի երկաթուղային ցանցը կոնցեսիոն կառավարման է հանձնված ռուսական «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը, որը հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ»-ի դուստր ձեռնարկությունը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ առաջարկել էր դիտարկել կոնցեսիոն իրավունքը երրորդ երկրի՝ օրինակ Ղազախստանին, ԱՄԷ-ին կամ Կատարին փոխանցելու հնարավորությունը։
Ռուսական կողմը հայտարարել է, որ նման գործարքը հսկայական ծախսեր կպահանջի. պոտենցիալ ներդրողը ստիպված կլինի առնվազն 250 միլիոն դոլար վճարել իրավունքների հետգնման ու փոխհատուցումների համար, ինչպես նաև հարյուրավոր միլիոն դոլարներ ներդնել ենթակառուցվածքների վերականգնման մեջ։
ՌԴ արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ 2008 թվականից ի վեր հայկական երկաթուղիներում կատարված ներդրումները կազմել են շուրջ 30 միլիարդ ռուբլի, իսկ «ՀԿԵ»-ն ինքնին հանդիսանում է երկրի խոշորագույն գործատուներից մեկը՝ ապահովելով մոտ 2,5 հազար աշխատատեղ։
Չնայած գնալով մեծացող լարվածությանը՝ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ երկաթուղու կոնցեսիայի հարցերը չեն լուծվելու միակողմանիորեն և առանց Ռուսաստանի հետ խորհրդակցելու։
Source: https://news.am/hy/news/1038183
Armenia
Չեղարկումների երկիր. ո՞ր շուկաները կտուժեն ռուս-հայկական հակամարտությունից․ «Կոմերսանտ»
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Armenia նորությունները Telegram-ում
Հետևիր Armenia թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Միանալ Telegram-ումԿիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։