Երբ Գեղամ Ջեղալյանը անցյալ դարում լուսանկարում էր Գազայի առօրյա կյանքը, պաղեստինյան այս տարածքը ասոցացվում էր հոլիվուդյան ոճի հարսնացուների, զգեստավորված երեկույթների և դեպի ծով զբոսանքների հետ, որպեսզի լողափին նարգիլե ծխեին, գրում է AFP-ն։
Այս լուսանկարները պատկանում են մի դարաշրջանի, որն անսահման հեռու է ավերակներից ու վրանային ճամբարներից, որոնց այսօր վերածվել է պատերազմից կործանված Գազայի հատվածը։
«Սա այն Գազան է, որը մենք այլևս չենք ճանաչում։ Ուրախ Գազա, հույսով լի, աշխարհի հետ կապված՝ գնացքներով ու օդանավակայանով», — պատմել է նրա թոռը, որը դարձել է լուսանկարչի աշխատանքների ցուցահանդեսի համադրողը Ֆրանսիայի հարավային Մարսել քաղաքում։
Ջեղալյանը վերապրել է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, որից հետո հաստատվել է Գազայում և 1944 թվականին բացել քաղաքի պատմության մեջ առաջին ֆոտոստուդիան։
Չնայած մշտական հակամարտություններին, որոնք ցնցում էին այս փոքր տարածաշրջանը Եգիպտոսի և 1948 թվականին Իսրայել պետություն դարձած տարածքի միջև, նա հրաժարվել է լքել Գազան։ Չորս տասնամյակ շարունակ Ջեղալյանը լուսանկարել է պաղեստինյան հասարակության կյանքը, որը նրան ընդունել էր որպես իրենը, մինչև նրա մահը՝ 1981 թվականը։
Այսօր պահպանված մոտ 300 լուսանկար ներկայացված է Մարսելում անցկացվող ցուցահանդեսում, որը կշարունակվի մինչև սեպտեմբեր։
Լուսանկարներից մեկում երեխաները բարձրանում են միմյանց վրա՝ կազմելով կենդանի բուրգ պաղեստինցի փախստականների դպրոցի բակում, որոնք Իսրայելի ստեղծումից հետո լքել էին իրենց տները։
Մյուսում՝ փարթամ հարդարանքով կանայք ժպտում են կարի մեքենայի կողքին։
Երրորդում՝ ֆրանսիացի փիլիսոփաներ Ժան-Պոլ Սարտրն ու Սիմոնա դը Բովուարը հենց նոր իջել են փոքր պտուտակավոր ինքնաթիռից։
Լուսանկարը մակագրություն չունի, սակայն հայտնի է, որ այս հանրահայտ զույգը այցելել էր Գազայի հատված 1967 թվականի մարտին, երբ տարածքը գտնվում էր Եգիպտոսի վերահսկողության տակ՝ Իսրայելի կողմից Վեցօրյա պատերազմի ընթացքում այն գրավելուց քիչ առաջ։
«Ես մեծացել եմ Գեղամի՝ Գազայի լուսանկարիչ, Հայոց ցեղասպանությունը վերապրած մարդու մասին ընտանեկան պատմություններով», — AFP-ին պատմել է ցուցահանդեսի համադրողը՝ լուսանկարչի թոռը, որը ժառանգել է պապի անունը և իրեն անվանում է Գեղամ կրտսեր։
Տեսողական մշակույթի 41-ամյա պրոֆեսորը, որն իր մանկության մի մասն անցկացրել է Եգիպտոսում, ասում է, որ իր հայրը բոլորովին պատահաբար 2018 թվականին հայտնաբերել է ավելի քան հազար ֆոտոնեգատիվներ. դրանք դրված էին Կահիրեում գտնվող ընտանեկան բնակարանի պահարանի խորքում պահված երեք կարմիր տուփերում։
Գտածոների թվում էին ստուդիական դիմանկարներ և ընտանեկան լուսանկարներ, պատշգամբներում ու լողափերում երեխաներ, մարդաշատ քաղաքային փողոցներ։
«Մենք տեսնում ենք շատ բազմազան հասարակություն՝ հայեր, հույներ, պաղեստինցիներ, բեդվիններ։ Բայց նաև մարդկանց, որոնք տեղահանվել էին 1948 թվականի իրադարձություններից հետո», — բացատրում է Գեղամ կրտսերը։
Այսօր, ՄԱԿ-ի տվյալներով, Գազայի բնակչության մոտ երկու երրորդը պաղեստինցի փախստականների ժառանգներ են։
Գեղամ կրտսերը պատմել է, որ գիտակցաբար հրաժարվել է լուսանկարների համար ցուցահանդեսում մակագրություններից և մանրամասն բացատրություններից. ցուցահանդեսը կրում է Photo Kegham of Gaza: Unboxing անվանումը և հոկտեմբերին կտեղափոխվի բրիտանական Բրիստոլ։
Նրա խոսքով՝ այս «ընդհատված և անավարտ» արխիվն արտացոլում է «պատերազմի, ցեղասպանության և օկուպացիայի հետևանքով կործանված պատմությունների խզումը»։
Ինքը՝ Գեղամ կրտսերը, չի կարողացել այցելել Գազա։ Ֆոտոարխիվը լրացնելու համար լուսանկարչի թոռը կապ է հաստատել պաղեստինցի Մարվան Ալ-Տարազիի հետ, որի մոտ պահվում էր նյութերի մի մասը այն բանից հետո, երբ նրա եղբայրը ժառանգել էր ֆոտոստուդիան։
Ցուցահանդեսի առանձին բաժին՝ Zoom Call վերնագրով, ներկայացնում է նրանց 2021 թվականի առցանց զրույցի սքրինշոթները։
Սակայն այս համագործակցությունը ողբերգաբար ընդհատվել է. Գեղամ կրտսերի խոսքով՝ 2023 թվականի հոկտեմբերին Մարվան Ալ-Տարազին, նրա կինը և թոռը զոհվել են իսրայելական հարվածների հետևանքով։
Մարսելի 70-ամյա բնակչուհի Ուրի Վարջաբեդյանը, որը լիբանանահայ ընտանիքից է, խոստովանել է, որ ցուցահանդեսը իրեն հիշեցրել է ընտանեկան լուսանկարների ալբոմը։
Նրա խոսքով՝ մորական պապը, որը ծառայել էր որպես ատամնաբույժ Օսմանյան բանակում, նույնպես ժամանակին լուսանկարվել էր Գազայում։ «Ցավալի է նայել այս գեղեցիկ արմավենիներին, այս լողափին», — ասում է նա։ «Հատկապես սարսափելի է այս ամենը տեսնել ներկայիս իրադարձությունների ֆոնին», — հավելել է կինը։
Source: https://news.am/hy/news/1038431
World
Ցեղասպանությունը վերապրած հայը տասնամյակներով փաստագրել է Գազայի կյանքը, այժմ նրա արխիվը ցուցադրվել է Ֆրանսիայում
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։