«Օրեշնիկ»-ի կիրառումն Ուկրաինայի տարածքին հարվածելիս մայիսի վերջին եղել է ոչ թե մարտական, այլ փորձարկման նպատակով։ Դրա մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում համաշխարհային լրատվական գործակալությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է «Коммерсантъ»-ը։
«Հարվածել ենք այնտեղ, որտեղ հարմար էր տեսնել արդյունքները։ Դա վերաբերում է և՛ Բելայա Ցերկովին, և՛ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության շրջանին։ Այնտեղ հետո թռել են մեր դրոնները և նայել մինչև միլիմետրի ճշտությամբ։ Մեզ համար դա կարևոր է, որպեսզի ապագայում դիտարկենք «Օրեշնիկ»-ի կիրառումը թիրախների ուղղությամբ, այդ թվում՝ քաղաքային կառուցապատման շրջաններում»,- ասել է նա։
Ըստ Պուտինի՝ այս պահի դրությամբ «Օրեշնիկ»-ի և ոչ մի մարտական կիրառում՝ բառի բուն իմաստով, տեղի չի ունեցել։
Ռուսաստանի նախագահը չի բացառել, որ ապագայում կարող են որոշումներ ընդունվել նշանակված թիրախների ուղղությամբ «Օրեշնիկ»-ի լիաֆորմատ կիրառման մասին, դրանց թվում՝ քաղաքային կառուցապատման շրջաններում։
Վերջին անգամ ՌԴ պաշտպանության նախարարությունը «Օրեշնիկ»-ով Ուկրաինային հասցված հարվածի մասին զեկուցել է մայիսի 24-ին։ Հարվածը հասցվել է «ի պատասխան Ռուսաստանի տարածքում քաղաքացիական օբյեկտների դեմ Ուկրաինայի ահաբեկչական հարձակումների», նշել են գերատեսչությունում։
Source: https://news.am/hy/news/1041000