ԿԸՀ-ն ընտրությունների կազմակերպումն ու անցկացումն այնպես է ներկայացրել, կարծես ամեն ինչ կատարյալ է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Էլինար Վարդանյանը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանում քաղաքական ուժերի հայցի քննարկմանը։
«ԿԸՀ ներկայացուցիչներն ամեն կերպ փորձեցին շրջանցել մի շարք պարզ հարցեր, որոնց հստակեցումն ակնառու կդարձներ կրկնակի քվեարկություն նշանակելու անհրաժեշտությունը։ Ի՞նչ է ստացվում. հունիսի 7-ի ընտրություններից հետո, նախնական արդյունքների ամփոփման ժամանակ տվյալների սխալ մուտքագրման հետևանքով հայտարարվում է, թե ԲՀԿ-ն չի հաղթահարել անցողիկ շեմը։ Այնինչ, դա հենց իրենց կողմից տվյալների սխալ մուտքագրման հետևանքն էր։ Եթե նախնական արդյունքներով արձանագրվեր, որ ԲՀԿ-ն հաղթահարել է 4 տոկոսանոց շեմը, ապա (մի շարք տեղամասերում) արդյունքներն անվավեր ճանաչելուց հետո ԿԸՀ-ն պետք է կրկնակի քվեարկություն նշանակեր։ Ստացվում է, որ ԿԸՀ-ն, իմ գնահատմամբ՝ միտումնավոր, տվյալները պատշաճ կերպով չի մուտքագրել, որպեսզի հետագայում մանևրելու հնարավորություն ունենա»,- հայտարարել է Վարդանյանը։
Նա կատեգորիկ համաձայն չէ ԿԸՀ ներկայացուցիչների այն փաստարկներին, թե ընտրություններում զանգվածային խախտումներ չեն եղել։ «Ինչ վերաբերում է այն պնդումներին, թե փորձեր են արվում վարկաբեկել ընտրական համակարգը, ապա ավելի լավ կլիներ՝ ԿԸՀ-ն իր գործողություններով չնպաստեր դրան»,- նշել է Վարդանյանը՝ հավելելով, որ շատ կցանկանար, որպեսզի ԿԸՀ-ն ընտրողների ձայների գողության միջոցով չնպաստեր ընտրական գործընթացների հանդեպ քաղաքացիների հավատի ու վստահության ոչնչացմանը։
«Ուզում եմ հավատալ, որ Սահմանադրական դատատարանը կվերականգնի ընտրական գործընթացների և ընտրությունների նկատմամբ քաղաքացիների հավատը»,- ընդգծել է Էլինար Վարդանյանը։ Նա նաև հերքել է ԿԸՀ նախագահի այն պնդումը, թե ԲՀԿ-ն ամեն դեպքում չէր անցնում խորհրդարան։ Վարդանյանը նշել է, որ եթե տվյալները ճիշտ մուտքագրվեին, ԿԸՀ-ն հնարավորություն չէր ունենա շրջանցել Ընտրական օրենսգրքի 101-րդ հոդվածի պահանջը։ Եթե մանդատները ճիշտ բաշխվեն, արդյունքներն ավելի մոտ կլինեն ժողովրդի կամքին, քան այն, ինչ անում է ԿԸՀ-ն, եզրափակել է Վարդանյանը։
Source: https://news.am/hy/news/1047166