ԲԴԽ նախագահը ԵԽ գործընկերների հետ քննարկել է առաջիկա անելիքները
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի (ԵԽ) Մարդու իրավունքների և արդարադատության համագործակցության վարչության ղեկավար Լիլյա Գրետարսդոտիրի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են Դատական իշխանությունից:
Ողջունելով հյուրերին՝ նա երախտագիտություն է հայտնել Եվրոպայի խորհրդին «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում ցուցաբերված աջակցությունների համար։
Նա ընդգծել է Բարձրագույն դատական խորհրդի որոշումների բողոքարկման ընթացակարգերի վերաբերյալ իրավական կարգավորումների մշակման և փորձագիտական կարծիքների տրամադրման ուղղությամբ իրականացված արդյունավետ համագործակցությունը, ինչպես նաև դատարանների գործավարության կարգի կատարելագործմանն ուղղված փորձագիտական գնահատականներն ու մասնագիտական խորհրդատվությունը, որոնք նշանակալի ներդրում են արդարադատության արդյունավետ կազմակերպման և դատական համակարգի ինստիտուցիոնալ զարգացման գործում։
Կողմերն անդրադարձել են Եվրոպայի խորհրդի փորձագետների և ծրագրերի էական դերակատարությամբ իրականացված դատարանների ծանրաբեռնվածության նվազեցման բարեփոխումներին և վիճակագրությանը։
Այս համատեքստում առանձնացվել է իրավական վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմների զարգացման հեռանկարները՝ կարևորելով հաշտարարների ինստիտուտը։
Հանդիպմանը քննարկվել են նաև ԵԽ-ՀՀ նոր նախագծվող Գործողությունների ծրագրում ներառվելիք առաջնահերթություններն ու հեռանկարային ուղղությունները։
Քննարկման առարկա են դարձել դատական համակարգի թվայնացման և արհեստական բանականության կիրառման հարցերը, դատարաններում անձնական տվյալների պաշտպանության և տվյալների ապանձնավորման կարգավորումները, ինչպես նաև դատարանների բեռնաթափմանն ուղղված շարունակական աշխատանքներում նոր, համալիր լուծումների մշակման կարևորությունը։
Եվրոպացի հյուրի խնդրանքով՝ ԲԴԽ նախագահը ներկայացրել է միջազգային գործընկերների հետ իրականացվող դատական համակարգի վստահության բարձրացման հանձնառությունները, որոնց առանցքում է դատական իշխանություն-քաղաքացիական հասարակություն-լրատվամիջոցներ համագործակցությունը։ Նա կարևորել է քաղհասարակության հետ երկխոսելու միջոցով ներառական միջավայր ձևավորելուն միտված քայլերը։
Հանդիպման ավարտին գործընկերներն արձանագրել են սեղմ ժամկետում աշխատանքային քննարկման ձևաչափով գործողությունների նոր ծրագիր մշակելու անհրաժեշտությունը։
Հանդիպմանը մասնակցել են ԲԴԽ անդամ Անահիտ Աբրահամյանը, Հայաստանում Եվրոպայի խորհրդի (ԵԽ) երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն,Դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ Արշակ Վարդապետյանը, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության չափանիշների իրականացման վարչության իրավական բարեփոխումների և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանը:
Source: https://news.am/hy/news/1036990
Armenia
ԲԴԽ նախագահը ԵԽ գործընկերների հետ քննարկել է առաջիկա անելիքները
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։