Այսօր բանկային համակարգը թևակոխել է մի փուլ, որտեղ հաճախորդի համար առաջնային են դառնում ոչ միայն թվային լուծումներն ու արագությունը, այլև բանկի հետ ռազմավարական գործընկերությունը։
Հայէկոնոմբանկի Գործադիր տնօրենի կորպորատիվ և մանրածախ բիզնեսի գծով տեղակալ Օնիկ Չիչյանը խոսել է այն մասին, թե ինչպես է փոխվում վարկային շուկան Հայաստանում, ինչ գործիքներով է բանկը զսպում հնարավոր ռիսկերը և զարգացման ինչ միտումներ են կանխատեսվում առաջիկայում:
Ի՞նչն են այսօր առաջնային համարում տնտեսվարողները բանկի ընտրության հարցում. արդյո՞ք միայն տոկոսադրույքն է որոշիչ, թե՞ կարևորվում են նաև այլ հանգամանքներ:
Իրականում բանկի ընտրությունն այսօր շատ բազմաշերտ է. իհարկե, տոկոսադրույքը շարունակում է մնալ կարևոր գործոն, բայց այն այլևս միակ և հաճախ նույնիսկ առաջնային որոշիչը չէ: Մեր փորձը ցույց է տալիս, որ գործարար աշխարհում այսօր առավելագույնս արժևորվում են՝
սպասարկման արագությունը. բիզնեսում ժամանակը փող է, և վարկի հաստատման ու տրամադրման սեղմ ժամկետները հաճախ ավելի կարևոր են, քան տոկոսադրույքի չնչին տարբերությունը:
ճկունությունը. մենք տեսնում ենք պահանջարկ այնպիսի պայմանների, որոնք հարմարեցված են կոնկրետ բիզնեսի առանձնահատկություններին՝ լինի դա մարման անհատական գրաֆիկ, թե ապահովման միջոցների բազմազանություն:
անհատական մոտեցումը և խորհրդատվությունը. տնտեսվարողն այսօր բանկից ակնկալում է ոչ միայն ֆինանսավորում, այլև մասնագիտական աջակցություն՝ բիզնեսի աճին նպաստող ճիշտ լուծումներ գտնելու հարցում:
Կարճ ասած՝ բանկի ավանդական ընկալումը փոխվել է. մենք այլևս պարզապես վարկատու չենք, այլ ռազմավարական գործընկեր, որը կանգնած է բիզնեսի կողքին նրա զարգացման յուրաքանչյուր փուլում:
Խոսելով գործընկերության մասին՝ չենք կարող չանդրադառնալ նաև անվտանգությանը: Որո՞նք են այսօր բանկի համար կորպորատիվ վարկավորման հիմնական ռիսկերը, և ինչպե՞ս է բանկին հաջողվում պահպանել հավասարակշռությունը՝ մի կողմից աջակցելով բիզնեսին, մյուս կողմից՝ կիրառելով վարկունակության գնահատման գործիքակազմը:
Սա թերևս բանկային գործունեության ամենապատասխանատու հատվածն է: Ներկա տնտեսական փոփոխական պայմաններում կորպորատիվ ռիսկերը տարաբնույթ են: Մենք առանձնացնում ենք մի քանի հիմնական ուղղություններ՝ շուկայական տատանումները (արժութային և պահանջարկի փոփոխություն), հաճախորդի դրամական հոսքերի անկայունությունը և, իհարկե, արտաքին տնտեսական ազդեցությունները:
Այս ռիսկերը զսպելու և առողջ վարկային պորտֆել ունենալու համար մենք կիրառում ենք համալիր մոտեցում: Նախևառաջ, իրականացվում է խորքային վերլուծություն. հաճախորդի վարկունակությունը գնահատելիս մենք չենք սահմանափակվում միայն ֆինանսական հաշվետվություններով: Մենք վերլուծում ենք բիզնես մոդելի կայունությունը, կանխատեսում ենք դրամական հոսքերը և գնահատում ենք տվյալ ոլորտի զարգացման հեռանկարները: Կիրառվում է ժամանակակից գործիքակազմ. որոշումների կայացման հիմքում ընկած են վարկային սքորինգային համակարգերը և պարբերական սթրես-թեստավորումը, ինչը թույլ է տալիս հասկանալ, թե ինչպես կպահի իրեն բիզնեսը տնտեսական տարբեր սցենարների դեպքում: Իրականացվում է պորտֆելի շարունակական դիվերսիֆիկացիա և մշտադիտարկում. մենք խուսափում ենք միայն մեկ ոլորտի վրա կենտրոնացումից և իրականացնում ենք շուրջօրյա մոնիթորինգ, ինչը հնարավորություն է տալիս կանխատեսել խնդիրները դեռ դրանց ի հայտ գալու սկզբնական փուլում:
Մեր նպատակն է ոչ թե պարզապես վարկ տրամադրել, այլ վստահ լինել, որ այդ ֆինանսավորումը բիզնեսին օգնելու է աճել, այլ ոչ թե լրացուցիչ բեռ դառնալ:
Իսկ ի՞նչ ոլորտային առաջնահերթություններ ունի Հայէկոնոմբանկը և ինչպե՞ս են այդ առաջնահերթությունները հատվում Հայաստանի տնտեսական զարգացման միտումների հետ:
Հայէկոնոմբանկի՝ որպես բանկային հատվածի կարևոր դերակատարի ոլորտային առաջնահերթությունները չեն կարող սերտորեն կապված չլինել Հայաստանի տնտեսական զարգացման ռազմավարության հետ: Մենք կենտրոնացած ենք այն ճյուղերի զարգացման վրա, որոնք ապահովում են երկարաժամկետ աճ և մրցունակություն: Դրանք են արտադրությունը և վերամշակումը, գյուղատնտեսությունը, ՏՏ և նորարարության ոլորտը, էներգետիկան, հատկապես վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացումը:
Այս ամենի կենտրոնում, իհարկե, ՓՄՁ-ների վարկավորումն է: Փոքր և միջին ձեռնարկատիրությունը մեր տնտեսության ողնաշարն է. այն ապահովում է զբաղվածության մեծ մասը և ունի աճի ամենաբարձր ներուժը: Ուստի, աջակցելով ՓՄՁ-ներին, մենք նպաստում ենք երկրի ընդհանուր տնտեսական կայունությանը:
Մեզ համար շատ կարևոր է նաև կանանց ձեռներեցության խթանումը և կանաչ ծրագրերի վարկավորումը: Այս հեռանկարային ուղղությունները զարգացնելու համար մենք կիրառում ենք գործիքների լայն զինանոց՝ արտոնյալ տոկոսադրույքներից մինչև երաշխիքային մեխանիզմներ և ֆինանսական կրթության ծրագրեր:
Այս հարցում առանձնահատուկ ուզում եմ կարևորել մեր համագործակցությունը միջազգային հեղինակավոր գործընկերների հետ, ինչպիսիք են՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD) և Սևծովյան առևտրի և զարգացման բանկը (BSTDB): Մենք իսկապես հպարտ ենք, որ հնարավորություն ունենք միջազգային լավագույն փորձն ու ֆինանսական միջոցները հասանելի դարձնել մեր հաճախորդներին:
Անցում կատարելով մանրածախ շուկային՝ որո՞նք են բանկի առաջնահերթությունները մանրածախ վարկավորման ոլորտում: Ինչպե՞ս է թվայնացումն այսօր փոխում այս գործընթացը:
Մանրածախ վարկավորման ոլորտում մեր գլխավոր առաջնահերթությունը հաճախորդի համար առավելագույն հարմարավետության և հասանելիության ապահովումն է: Թվայնացումն արմատապես փոխել է ֆիզիկական անձանց վարկավորումը՝ բանկային սրահներից տեղափոխելով այն հաճախորդի սմարթֆոն: Ավտոմատացված համակարգերի շնորհիվ վարկային ծառայությունները 24/7 ռեժիմով հասանելի են դարձել հաճախորդին: Ընդ որում, վարկային հայտի վերաբերյալ որոշումը կայացվում է րոպեների ընթացքում: Ադյունքում, ֆիզիկակապես բանկ այցելելու անհրաժեշտությունը հասցվել է նվազագույնի: Սա թույլ է տվել նաև նվազեցնել գործառնական ծախսերը, ինչն իր հերթին հնարավորություն է տալիս հաճախորդին առաջարկել ավելի մրցունակ և շահավետ տոկոսադրույքներ:
Ի վերջո, մեր նպատակն է լինել հուսալի թվային ուղեկից յուրաքանչյուր հաճախորդի համար:
Ամփոփելով մեր զրույցը՝ խնդրում եմ նշել, թե վարկային շուկայի զարգացման ի՞նչ տեսլական ունի Հայէկոնոմբանկն առաջիկա տարիների համար:
Հայաստանի վարկային շուկան այսօր գտնվում է տրանսֆորմացիայի հետաքրքիր փուլում, և մենք տեսնում ենք շուկայի զարգացումը 4 հիմնական ուղղություններով՝
թվային հարթակների առաջանցիկ զարգացում և նորարարություն,
անհատականացված մոտեցում, որը թույլ կտա առաջարկել լուծումներ, որոնք անհրաժեշտ են տվյալ բիզնեսին կամ անհատին,
Հայէկոնոմբանկի զարգացման տեսլականը հիմնված է հավասարակշռության վրա՝ ամրապնդել տարիների ընթացքում վաստակած վստահությունը և շարունակել ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը: Կարևորելով պատասխանատու վարկավորումը՝ մենք չենք ձգտում պարզապես մեծացնել թվերը, մեր նպատակն է, որ յուրաքանչյուր տրամադրված վարկ լինի հիմնավորված և իրապես նպաստի հաճախորդի բարեկեցությանը:
Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից
Source: https://news.am/hy/news/1037627
Armenia
«Բանկն այլևս պարզապես վարկատու չէ, այլ՝ բիզնեսի ռազմավարական գործընկեր»․ Օնիկ Չիչյան
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Armenia նորությունները Telegram-ում
Հետևիր Armenia թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Միանալ Telegram-ումԿիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։