Այսօրվանից դատական հայցեր են ներկայացվելու բոլոր այն ՔՊ-ականների դեմ, որոնք հասցրեցին ապատեղեկատվություն տարածել: Այս մասին այսօր՝ մայիսի 20–ին, Facebook–ի իր էջում գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։
Նա, մասնավորապես, գրել է. «Զգուշացում փոքրիկ խմբակի անդամներին, որոնք ամենօրյա ռեժիմով սուտ, կեղծիք ու ապատեղեկատվություն են տարածում «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի վերաբերյալ։
Երեկ որքան հնարավոր է` շատ արտահայտվեցիք, ձեր ցնդաբանությունները տարածեցիք: Հիմա բացահայտենք ևս մեկ նախընտրական առաջարկ:
Ուրեմն, այսօրվանից դատական հայցեր են ներկայացվելու բոլոր այն ՔՊ-ականների դեմ, որոնք հասցրեցին ապատեղեկատվություն տարածել:
Այն գումարները, որոնք ՔՊ-ականները ստիպված կլինեն վճարել իրենց տարածած ստերի համար, կուղղվեն Սևանի հոգեկան առողջության կենտրոնին` սենյակների վերանորոգման համար:
Ուժեղ Հայաստանում հոգեկան շեղում ունեցողները, կանանց քաշքշողները պաշտոնի փոխարեն կունենան որակյալ բուժում և անվճար դեղեր` օրվա ընթացքում:
Մեր փաստաբանական թիմը արդեն հայցադիմումներ է պատրաստում։
ափսոսեք, այդ գումարը կորած տեղ չեն ուղղվելու»։
Հիշեցնենք, որ նախօրեին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փաստաթուղթ էր հրապարակել և գրել․ «Նարեկ Կարապետյանը ՌԴ քաղաքացի՞ է»: Գրառմանը կից փաստաթղթում իրավաբանական անձի տվյալներ են, դրանում Նարեկ Կարապետյան անվան դիմաց գրված է՝ ՌԴ քաղաքացի:
Նարեկ Կարապետյանը գրառումից կարճ ժամանակ անց արձագանքել էր․ «Ալեն Ռոբերտովիչ, այդպիսի բաներ մի՛ արեք։ Ես Ռուսաստանի քաղաքացի չեմ, բացի ՀՀ քաղաքացիությունից ուրիշ քաղաքացիություն չեմ ունեցել, կյանքում Ռուսաստանում ավելի քիչ եմ ապրել, քան Անգլիայում կամ Շվեյցարիայում»։
Ավելի ուշ խնդրին անդրադարձել էր նաև ԿԸՀ–ն՝ նշելով, որ ԿԸՀ–ն ստուգել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համարի թեկնածու Նարեկ Կարապետյանի՝ միայն ՀՀ քաղաքացի լինելու վերաբերյալ փաստաթղթերը թեկնածուներին գրանցելու ընթացքում։ «ԿԸՀ կայքում հասանելի է ընտրություններին մասնակից բոլոր ուժերի ընտրական ցուցակների մասին տեղեկատվությունը։ Բոլոր այն թեկնածուները, որոնք գրանցված են ԿԸՀ կողմից, նշանակում է, որ ԿԸՀ-ն նախապես ստուգել է տվյալ անձանց վերաբերելի փաստաթղթերը՝ այդ թվում վերջին չորս տարում ՀՀ -ում մշտական բնակության և ՀՀ քաղաքացի լինելը փաստող փաստաթղթերը։ Այդ փաստաթղթերը թեկնածուներին տրամադրվում են ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից և փոխանցվել են ԿԸՀ»,- նշել էր ԿԸՀ խոսնակը։
Իսկ արդեն այսօր ՔԿ–ն հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ Նարեկ Կարապետյանը դիտավորությամբ թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը. «ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 449-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն կամ պահպանելուն խոչընդոտող տեղեկությունները թաքցնելը)»,– նշված է ՔԿ հաղորդագրության մեջ։
Source: https://news.am/hy/news/1036824
Armenia
Այսօրվանից դատական հայցեր են ներկայացվելու ՔՊ-ականների դեմ. «Ուժեղ Հայաստանի» խոսնակ
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։