5 քաղաքական ուժերը հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասվում է. «Այսօր Սահմանադրական դատարանը հրապարակեց անցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող հայցերի վերաբերյալ որոշումը։
• չի լուծում ձևավորվող իշխանության լեգիտիմության հարցը. նման պայմաններում ու արձանագրված արդյունքներով ձևավորված իշխանությունը զուրկ է լեգիտիմությունից.
• չի սրբագրում ընտրական կեղծիքներն ու չի վերացնում զանգվածային ընտրախախտումները և չի լուծում երկրում առկա խորքային քաղաքական ու իրավական ճգնաժամը։
Ընդհակառակը, վերջին իրավական ատյանի կողմից խախտումների արձանագրումից ուղիղ հրաժարվելը խորացնում է երկրում առկա ճգնաժամը, չի նպաստում ներազգային համերաշխության մթնոլորտի ձևավորմանը և պայքարը տեղափոխում է քաղաքական դիմադրության դաշտ։ Ուստի առկա քաղաքական ճգնաժամի հաղթահարման և սահմանադրական կարգի վերականգնման նպատակով՝ ներքոստորագրյալ քաղաքական ուժերը հայտարարում են հետևյալ սկզբունքային ուղղությունների շուրջ համախոհության և միասնական քաղաքական օրակարգ ձևավորելու վերաբերյալ.
1. Հայաստանի Սահմանադրության պարտադրված փոփոխությունների կանխում. Գործող վարչախմբի կողմից նախապատրաստվող սահմանադրական փոփոխությունները դիտարկելով որպես արտաքին պարտադրանք՝ մենք օգտագործելու ենք օրենսդրական, հանրային և քաղաքական բոլոր միջոցները՝ թույլ չտալու համար Մայր օրենքի փոփոխությունը, ինչն ուղղակի և անդառնալի հարված է ՀՀ ինքնիշխանությանը։
2. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանություն. Հաշվի առնելով եկեղեցու, Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ իրականացվող համակարգված ապօրինի արշավը՝ մեր քաղաքական օրակարգի անկյունաքարն է լինելու Սահմանադրության 18-րդ հոդվածով երաշխավորված՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելության, նրա իրավունքների, գույքի և հեղինակության պաշտպանությունը ցանկացած ոտնձգություններից։
3. Քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանություն. Հետընտրական շրջանում մեկնարկել է քաղաքական բռնաճնշումների նոր ալիք։ Ընտրական և քաղաքական գործընթացներին զուգահեռ երկրում ծավալված ռեպրեսիվ պրակտիկան հանգեցրել է քաղբանտարկյալների թվի շեշտակի աճին։ Մեր միասնական քայլերն ուղղված են լինելու նրանց իրավունքների պաշտպանությանը և անհապաղ ազատ արձակման պահանջին։
4. Գործող իշխանության հեռացում. Սահմանադրական դատարանում ընդդիմադիր ուժերի բողոքների քննությունը միայն փաստեց, որ գործող վարչախմբի հեռացումն այլընտրանք չունեցող հրամայական է։ Ուստի իշխանափոխությունը և նոր որակի ազգային իշխանության ձևավորումը մնում է երկրում սահմանադրական կարգի վերականգնման, համերաշխության հաստատման և անվտանգության ապահովման միակ նախապայմանը։
Մենք գիտակցում ենք, որ իրավական ինստիտուտների կազմաքանդման պայմաններում պետության և սահմանադրական կարգի պահպանման միակ երաշխավորը մնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացին։
Սահմանադրական դատարանի այս որոշումը ոչ թե պայքարի ավարտն է, այլ նոր՝ ավելի համակարգված, ինստիտուցիոնալ և լայնածավալ քաղաքական դիմադրության փուլի սկիզբը։
Վերոնշված կետերի շուրջ ընդդիմադիր քաղաքական ուժերի միջև անելիքների վերաբերյալ քննարկումները շարունակվում են։ Քննարկումներից բխած հետագա քայլերի, այդ թվում՝ համատեղ հնարավոր ծրագրերի մասին կտեղեկացնենք առաջիկայում։
Source: https://news.am/hy/news/1047867