Այս տարածաշրջանում ԵՄ-ն գետնի վրա անվտանգության լծակներ չունի։ Եղվարդի բնակիչների հետ հանդիպմանը դրա մասին հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

Պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին կլինեն հարաբերությունները Ռուսաստանի և Արևմուտքի հետ ընտրություններում հաղթելու դեպքում, այն պարագայում, երբ գործող իշխանությունները եվրաինտեգրում և «ռուսական լծից» ազատագրում են խոստանում, Քոչարյանը հետաքրքրվել է, թե հստակ ինչո՞վ է արտահայտվել այդ լուծն իր 10-ամյա կառավարման ընթացքում։

«Հոգեկան հիվանդություն ունեցող մարդու անտրամաբանական հայտարարությունները չեմ կարող բացատրել։ Մի՞թե Եվրոպայի հետ վատ հարաբերություններ են եղել։ Ինչո՞վ էր դա արտահայտվում։ Բրյուսել իմ այցելություններո՞վ, ԵԽ-ին և այլ կառույցներին, ԱՀԿ-ին անդամակցությա՞մբ, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի առաջնորդների հետ բազմաթիվ շփումներո՞վ։ Դրանք ավելի ակտիվ էին, քան հիմա»,- փաստել է քաղաքական գործիչը։

Նա նշել է, որ իր մոտեցումն է՝ լավ հարաբերություններ Եվրոպայի հետ և շատ լավ հարաբերություններ Ռուսաստանի հետ։ Այս տարածաշրջանում, գետնի վրա, ԵՄ-ն անվտանգության լծակներ չունի, հիշեցրել է Քոչարյանը՝ հավելելով, որ ԵՄ-ն ընդհանուր առմամբ տնտեսական կառույց է, իսկ Հայաստանի բնակչության 80 տոկոսի բարեկեցությունը կապված է ՌԴ-ի հետ։

Source: https://news.am/hy/news/1036995