Այս պահին խուզարկություն է իրականացվում «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, ԲՀԿ ընտրական ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնող Անդրանիկ Թեւանյանի բնակարանում։ Այս մասին հայտնեց «Մայր Հայաստանի» վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր՝ մայիսի 22–ին, վաղ առավոտյան դիմակավորված ԱԱԾ–ականները ներխուժել են «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակ և քննչական գործողություններ են սկսել, որը այս պահին դեռ շարունակվում է։ Այնտեղ է նաև Անդրանիկ Թևանյանը։

«Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգով ձերբակալում են Անդրանիկ Թեւանյանին»,–նշել էր Արեգնազ Մանուկյանը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, որ ՀՀ ԱԱԾ–ն Անդրանիկ Թևանյանի դեմ հաղորդում կուղարկի ՔԿ` հայրենիքի դավաճանության հոդվածով քրեական գործ հարուցելու համար: Թևանյանն արձագանքել էր՝ հայտարարելով, որ հենց Փաշինյանն է պետական դավաճան և ապագայում ստիպված կլինի պատասխան տալ իր գործողությունների համար:

Արդեն մայիսի 21-ին ՔԿ–ն հաղորդագրություն է տարածել, որ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել պետական դավաճանության և լրտեսության մեղադրանքով։

Անդրանիկ Թևանյանը ԲՀԿ նախընտրական ցուցակում երկրորդն է։

ՔԿ–ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ ԱԱԾ-ից ստացված հաղորդման համաձայն՝ ՀՀ քաղաքացի Ա.Թ.-ն հանդիսանալով 2021 թվականին կայացած խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» կուսակցությունների դաշինքին աջակցած քաղաքական գործիչ և նույն դաշինքի համապետական ընտրական ցուցակում ընդգրկված ԱԺ պատգամավոր, 2024 թվականի ընթացքում հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնում տնօրեն հանդիսացող՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հանձնարարությամբ նույն ժամանակահատվածում կատարել է լրտեսություն, ինչպես նաև ապօրինի կերպով հավաքել և առանձնապես խոշոր չափերի՝ 622 հզր ԱՄՆ դոլար գումարի դիմաց վերջինիս է փոխանցել պետական գաղտնիք պարունակող՝ 2024 թվականի ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկություններ՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:

ՀՀ ԱԱԾ-ից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում պետական դավաճանության (418-րդ հոդվածի 1-ին մաս) և լրտեսության (424-րդ հոդվածի 1-ին մաս) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ»,– հայտնել են ՔԿ–ից։

Source: https://news.am/hy/news/1037436