ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է դրվել Կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է, որ ֆիզիկական և իրավաբանական անձինք իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e-draft.am) հրապարակվող նախագծերի վերաբերյալ կարող են ներկայացնել իրենց առաջարկությունները բացառապես «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով:
Այս առնչությամբ իր տեսակետն է հրապարակել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, որտեղ, մասնավորապես, ասվում է. «Նման կարգավորումն էապես սահմանափակում է իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման ներկայումս հասանելի միակ գործիքով քաղաքացիների կողմից առաջարկների ներկայացման հնարավորությունը։
Խնդրահարույց է այն հանգամանքը, որ իրավական ակտերի նախագծեր մշակելիս հանրության մասնակցությունն առավելագույնս ապահովող նոր գործիքների և մեթոդների ներդրման փոխարեն պետությունը շարժվում է առկա ոչ լիարժեք աշխատող գործիքները սահմանափակող, արհեստական խոչընդոտներ ստեղծող ուղիով։
Հիմնավորմամբ չի նշվել, թե ՀՀ բնակչության քանի՞ տոկոսն է ներկա պահին կարողանում և օգտվում «Ես եմ» ազգային նույնականացման հարթակից, ինչը սույն նախագծի դեպքում քննարկման ենթակա ամենաառաջնահերթ հարցերից է։ Նախագծի հիմնավորման մեջ նշվել է, որ կարգավորումը միտված է էլեկտրոնային գործիքակազմերի արդիականացմանը։
Հարկ է նշել, որ էլեկտրոնային գործիքակազմերի զարգացման ընթացող բարեփոխումները երբեք չեն կարող ստորադասել քաղաքացիներին ՝ օրենքների և այլ իրավական ակտերի ընդունման գործընթացում ակտիվորեն ներգրավելու և խորհրդակցելու պետության պարտականությանը։
Հարկ է նշել, որ միայն «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով համակարգից օգտվելու կարգավորումը տարածվում է ոչ թե հարթակի միջոցով օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու իրավունքի իրացման համար, որի դեպքում տրամաբանորեն կարող է պահանջվել էլեկտրոնային ստորագրություն, այլ առհասարակ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ կարծիքներ ներկայացնելու, կողմ կամ դեմ քվեարկելու իրավունքի վրա։ Բացի այդ, քիչ չեն դեպքերը, երբ անձինք ցանկանում են իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ իրենց առաջարկները ներկայացնել անանուն։
Այսպիսով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջարկվող կարգավորումը հանրության մի ստվար շրջանակի զրկելու է իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման հարթակից օգտվելու հնարավորությունից՝ առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի N 1146-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը հանել շրջանառությունից»։
Source: https://news.am/hy/news/1036884
Armenia
Այլևս չեք կարող e-draft–ում անանուն կարծիք հայտնել կամ առաջարկ անել. Նոր նախագիծ
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։