Այսօր՝ օգոստոսի 4-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Այգավան բնակավայրի վարչական տարածքում՝ ժողովրդին հայտնի Այգավանի կամրջի մոտ, բախվել են «Nissan X-Trail», «Kia» և 2 «Opel» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Վեդու բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են Վեդու հիվանդանոց։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Մինչ կժամաներ քննչական խումբը՝ հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Վեդիի բաժին, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վեդիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Բախման հետևանքով «Opel»-ներից մեկը, որը վերածվել է մետաղե ջարդոնի, հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս։

Source: https://news.am/hy/news/1053359