Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը գնահատել է Հարավային Կովկասում ընթացող գործընթացներն ու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացը՝ հայտարարելով, որ կողմերի միջև համաձայնության ձեռքբերումը արդեն հասել է որոշակի փուլի։ Այս մասին Քուրթուլմուշը ասել է պետական TRT հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով Թուրքիայի դիվանագիտական գործունեության, տարբեր պետությունների միջև նրա միջնորդական ջանքերի, երկրում անցկացվող միջազգային գագաթնաժողովների, ինչպես նաև տարածաշրջանային գործընթացների վերաբերյալ հարցերին։

«Կովկասում Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության հասնելու գործընթացն արդեն հասել է որոշակի փուլի։ Աստված տա, որ այստեղ ևս Թուրքիայի մասնակցությամբ Թուրքիան, Հայաստանը և Ադրբեջանը ձևավորեն միասնական կենտրոն, միասնական ուժ։ Այս ամենում Թուրքիայի կառուցողական տեսլականը նշանակալի ներդրում ունի», — հայտարարել է Քուրթուլմուշը։

Source: https://news.am/hy/news/1048354