Ինձ համար Սամվել Շահրամանյանն ու Արթուր Օսիպյանը նույն կատեգորիայի մարդիկ են։ Որտե՞ղ է նա կռվել, որ եկել ու ղարաբաղյան հարց է առաջ մղում։ Որտե՞ղ էր նա պատերազմի ժամանակ։ Նա, ինչպես և Ղարաբաղի կեղծ էլիտայի մյուս ներկայացուցիչներն անձամբ պետք է ներողություն խնդրեն։ Մայիսի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կարծում եք՝ մենք չգիտե՞նք ղարաբաղյան իշխանությունների հետ նրա կապերի մասին։ Նա և կեղծ էլիտայի մյուս ներկայացուցիչները պետք է ներողություն խնդրեն նահատակների ընտանիքներից այն բանի համար, որ ուզում են շարունակել այս գործընթացը և Հայաստանը նորից գցել հակամարտության անդունդը։ Որտե՞ղ էր նա և իր նմանները այս ամբողջ ընթացքում։ Խոսքը Ղարաբաղի կեղծ էլիտայի մասին է։ Նրանք փախչելով... նրանք, ովքեր Ղարաբաղում պատանդ էին պահում Ղարաբաղի ժողովրդին, հիմա էլ Ղարաբաղի ժողովրդին պատանդ են պահում Հայաստանում։ Իրենք Հայաստանի քաղաքացիություն չեն ստանում և ուրիշներին էլ կոչ են անում նույն ձևով վարվել»,- հավելել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանը ձերբակալվել էր Երևանում նախընտրական քարոզարշավի ժամանակ Փաշինյանի հետ ունեցած լեզվակռվից հետո։ Քննությունը կարծում է, որ Օսիպյանը սոցիալական ցանցերով նյութեր է հրապարակել, որոնք Փաշինյանի հասցեին բռնության կոչեր են պարունակել, ինչպես նաև փորձել է խոչընդոտել նրա քարոզարշավին։ Քրեական գործեր են հարուցվել մի քանի հոդվածներով, այդ թվում՝ խուլիգանության և քարոզչությանը խոչընդոտելու փաստերով։

Օսիպյանը հացադուլ է հայտարարել և պատրաստ է դադարեցնել այն, եթե Փաշինյանը ներողություն խնդրի։

Source: https://news.am/hy/news/1039097