Այսօր՝ մայիսի 22-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 00:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Ճամբարակի խաչմերուկում՝ «Խաչմերուկ» օբյեկտի դիմաց կայանված «Mercedes G» մակնիշի ավտոմեքենայում դի կա, հաղորդում է Shamshyan.com–ը։

Քրեական և համայնքային ոստիկանները «Mercedes G» («Յաշիկ») ավտոմեքենայի հետևի նստատեղին հայտնաբերել են երիտասարդ աղջկա դի, արնանման հետքեր։

Իրավապահները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 22-ամյա Մարիաննա Բ.-ն է, իսկ ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ 21-ամյա Հայկ Ղ.-ն։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ և առանց վարորդական իրավունքի վկայականի։

Ոստիկանները Հայկ Ղ.-ին ներկայացրել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին։

Կայքի տեղեկություններով՝ կինը եղել է հղի։

Source: https://news.am/hy/news/1037441