Ուղիղ երկու ամիս անց NEWS.am-ը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից ստացել է իր հարցման պատասխանը՝ Բաքվում պահվող գերիների վերաբերյալ: Հիշեցնենք, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ գրավոր հարցման պատասխանը տրվում է հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, իսկ «եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումն ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, գրավոր տեղեկացվում է դիմողին՝ նշելով հետաձգման պատճառները և տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը»։

Մեր հարցին, որը մենք նախարարություն ենք ուղարկել ս. թ. մարտի 16-ին, ստացել ենք խիստ ընդհանրական ձևակերպումներով մի պատասխան երկու ամիս անց՝ մայիսի 15-ին: Տրամադրված «հերթապահ» պատասխանի պատրաստումը վստահաբար 30-օրյա ժամկետ չէր պահանջում: Մեր հարցումն ուղարկելուց հետո մենք նաև ոչ մի ծանուցում չենք ստացել նաև պատասխանի ուշ տրամադրման և դրա պատճառների վերաբերյալ: Ստացվում է, որ մենք պարզապես գործ ունենք կա՛մ ծառայողական անփութության, կա՛մ ոչ պրոֆեսիոնալիզմի հետ, կա՛մ էլ սա պարզապես ԱԳՆ-ի վերաբերմունքի դրսևորումն է Բաքվում պահվող գերիների ճակատագրի վերաբերյալ:

Մենք ստորև հրապարակում ենք NEWS.am-ի մարտի 16-ի հարցումը և ԱԳՆ-ի` մայիսի 16-ին ուղարկված պատասխանը.

Հարց. «Պարո՛ն Միրզոյան, այսօր բավական մտահոգիչ հայտարարությամբ է հանդես եկել Ռուբեն Վարդանյանի ընտանիքը՝ հրապարակելով Վարդանյանի ձայնային հաղորդագրությունն ուղղված Ադրբեջանի օմբուդսմենին: Հրապարակված ձայնագրությունում լսվում է, թե ինչպես է ընդհատվում նրա զանգը, երբ նա փորձում է հրապարակային կոչով դիմել Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևային: Մտահոգիչ է նաև այն, որ մեկ ամսից ավելի է, ինչ հրապարակվել են «դատավճիռները», սակայն նրանք դեռ չեն ստացել դատավճիռների տեքստերը: Սա կարող է զրկել նրանց նաև դրանք բողոքարկելու հնարավորությունից:

Նման իրավիճակում ի՞նչ քայլեր է ձեռնարկում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ իր քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար»:

ԱԳՆ պատասխանը: «Ի պատասխան Ձեր հարցմանը՝ տեղեկացնում ենք, որ Ադրբեջանում գտնվող հայ գերիների և պահվող անձանց խնդրի հասցեագրումը շարունակում է մնալ ՀՀ ԱԳ նախարարության ուշադրության կենտրոնում՝ պարբերաբար բարձրացվելով Ադրբեջանի միջազգային գործընկերների հետ երկկողմ հանդիպումների ընթացքում, ինչպես նաև բազմակողմ հարթակներում:

Մասնավորապես, ՀՀ ԱԳ նախարարությունը նաև պարբերաբար հանդիպումներ է ունենում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ և քննարկում Բաքվում գտնվող գերիների և պահվող անձանց տեսակցելու հարցը: Չնայած ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի փակմանը՝ վերջինս 2025թ. դեկտեմբերի 24-25-ն այցելել է նրանց, և աշխատանքներ են տարվում այդ հարցում շարունակականությունն ապահովելու համար:

Խաղաղության հաստատման և դրա ամրապնդման հանձնառության, ինչպես նաև շարունակական երկխոսության և վստահության ամրապնդման միջոցառումների համատեքստում շարունակվում է երկխոսությունն ադրբեջանական կողմի հետ՝ պահվող հայ անձանց ազատ արձակումն ապահովելու համար:

Այս երկխոսության արդյունքում, ի շարունակություն նախորդ գործընթացների, 2026թ. հունվարի 14-ին չորս հայ անձինք՝ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը հայրենադարձվեցին Հայաստան:

Source: https://news.am/hy/news/1036907