Ալկատրասը համբավ ձեռք բերեց որպես բանտ։ Բայց մնաց հայտնի որպես առասպել։ Եվ այսօր, ավելի քան 60 տարի անց այն բանից հետո, երբ կղզին լքեց վերջին բանտարկյալը, այդ առասպելը դեռ այնքան ուժեղ է, որ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է այն կրկին վերածել բանտի, գրում է The Post-ը։
29 տարի շարունակ՝ 1934-ից մինչև 1963 թվականը, Ալկատրասը ծառայել է որպես ԱՄՆ-ի ամենասարսափելի և ամենատխրահռչակ դաշնային բանտը։ Կառուցված Սան Ֆրանցիսկոյի ծոցի մեջտեղում գտնվող 22 ակր մակերեսով մեկուսացած ժայռի վրա՝ այն նախագծվել էր հատուկ այն հանցագործների համար, որոնց այլևս ոչ մի տեղ չէին կարողանում պահել․ այստեղ էին բանտարկված Ալ Կապոնեն, Գնդացրորդ Քելլին (Ջորջ Քելլի), Ռոբերտ Ստրաուդը (նաև հայտնի որպես «Ալկատրասի Թռչնորս») և ավելի ուշ՝ Ուայթի Բալջերը։
Հոգեբանական խոշտանգման առանձնահատուկ մասը այն տեսարանն էր, որ բացվում էր պատուհաններից։ Զբոսանքի բակում գտնվելիս բանտարկյալները կարող էին հստակ տեսնել Սան Ֆրանցիսկոն։ Լեգենդը պատմում է, որ խաղաղ գիշերներին մինչև խցեր էին հասնում ամանորյա խնջույքների ձայները, որոնք ջրի վրայով գալիս էին՝ ծիծաղ, երաժշտություն և կանանց ձայներ՝ նրանց ճաղերից ընդամենը մեկուկես մղոն հեռավորության վրա։
Փախուստներ, որոնք սառել են պատմության մեջ
«Ժայռի»՝ որպես Ամերիկայի ամենահուսալի զնդանի համբավը կերտվել է փախուստի հուսահատ փորձերով։ ՀԴԲ-ի պաշտոնական տվյալներով՝ 36 մարդ փորձել է փախչել Ալկատրասից 14 տարբեր փորձերի ընթացքում։ Շատերին բռնել են։ Ոմանք գնդակահարվել են պահակների կողմից։ Ոմանք խեղդվել են։ Պաշտոնապես համարվում է, որ ոչ մեկին չի հաջողվել հաջողությամբ փախչել և ողջ մնալ։
Սակայն պատմությունը, որը մինչ օրս բորբոքում է մարդկանց երևակայությունը, տեղի է ունեցել 1962 թվականին։ Ֆրենկ Մորիսը և եղբայրներ Ջոն ու Կլարենս Էնգլինները դուրս են եկել ընդլայնված օդանցքներով, որոնք նրանք տքնաջան կերպով կտրել էին իրենց խցերի պատերի մեջ։ Իրենց մահճակալներում նրանք թողել էին պապյե-մաշեից վարպետորեն պատրաստված գլխի նմանակներ, իսկ իրենք լողացել էին ծոցի սառցե ջրերով՝ ռետինապատ անձրևանոցներից պատրաստված ինքնաշեն լաստով։ ՀԴԲ-ն պնդում է, որ փախստականները խեղդվել են։ Սակայն ԱՄՆ մարշալների ծառայությունը մինչ օրս այս գործը բաց է պահում։
Ալկատրասը փակվել է 1963 թվականին բավական պրոզայական պատճառներով։ Այն, ինչ այն դարձնում էր անմատչելի, այն դարձնում էր նաև անգործնական՝ ջրի մեջտեղում մեկուսացված լինելը, մատակարարումների առաքման հսկայական լոգիստիկ դժվարությունները, շենքերի ծերացումը և դրանց պահպանման ու վերանորոգման ահռելի ծախսերը։
Այդ ժամանակից ի վեր կղզին հասցրել է լինել բնիկ ամերիկացիների բողոքի ակցիաների վայր, Ազգային պարկի կազմում ընդգրկված հանրաճանաչ զբոսաշրջային օբյեկտ, կուլտային կինոդեկորացիա («Ժայռը» փառաբանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են Շոն Քոններիի և Նիկոլաս Քեյջի մասնակցությամբ «Ժայռը» կամ Բերտ Լանկաստերի մասնակցությամբ «Ալկատրասի Թռչնորսը»), true-crime ժանրի երկրպագուների սրբավայր և հզոր քաղաքական խորհրդանիշ։
Այսօր, Ալկատրասը որպես գործող բանտ վերածնելու հնարավորության մասին խոսակցությունների ֆոնին, գլխավոր հարցը ոչ թե այն է, թե արդյոք այս կղզին կարող է կրկին գործել իր ուղիղ նշանակությամբ, այլ այն՝ թե ինչու է Ամերիկան մինչ օրս այդքան հուսահատորեն դա ցանկանում։
Source: https://news.am/hy/news/1038795
World
Անիծվածների կղզի. Ինչու է Ամերիկան մինչ օրս տարված Ալկատրասով
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։