«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքում է։ Նրան ուղեկցում է փաստաբան Արամ Օրբելյանը։

ԿԸՀ–ն քննում է նրան անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելու հարցը։

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 22–ի վաղ առավոտյան դիմակավորված ԱԱԾ–ականները ներխուժել են «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակ և քննչական գործողություններ են սկսել։ Խուզարկություն է իրականացվել նաև «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, ԲՀԿ ընտրական ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնող Անդրանիկ Թեւանյանի բնակարանում։

ԿԸՀ–ից NEWS.am–ին հայտնել են, որ ԿԸՀ–ն ստացել է ԲՀԿ պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու վերաբերյալ Գլխավոր դատախազության միջնորդությունը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, որ ՀՀ ԱԱԾ–ն Անդրանիկ Թևանյանի դեմ հաղորդում կուղարկի ՔԿ` հայրենիքի դավաճանության հոդվածով քրեական գործ հարուցելու համար: Թևանյանն արձագանքել էր՝ հայտարարելով, որ հենց Փաշինյանն է պետական դավաճան և ապագայում ստիպված կլինի պատասխան տալ իր գործողությունների համար:

Source: https://news.am/hy/news/1037600