Ընթացիկ խախտումները անցյալ տարիների՝ թեկուզ 1996, 2008 կամ 2013 թվականների ընտրական գործընթացներին հղումներով արդարացնելու իշխանությունների փորձերը զուրկ են որևէ տրամաբանությունից և չեն կարող ծառայել որպես արդարացում այսօրվա կեղծիքների համար։ Դրա մասին հունիսի 26-ին, Սահմանադրական դատարանի շենքի մոտ ընդդիմադիր ուժերի համատեղ բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
Նա հիշեցրել է, որ միանգամից յոթ քաղաքական ուժ դիմել է դատական բարձրագույն ատյան՝ վիճարկելու խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքները, ինչն աննախադեպ է։ Լևոն Քոչարյանն ընդգծել է, որ առաջիկա օրերին դատարանում մանրամասնորեն կներկայացվեն բոլոր արձանագրված իրավախախտումները։ Նրա գնահատմամբ՝ քարոզարշավի ընթացքում ձևավորվել է տոտալ վախի մթնոլորտ և արձանագրվել է վարչական ռեսուրսի ակնհայտ չարաշահում։ Պատգամավորը նշել է, որ թաքնված տեսախցիկների և թափանցիկ ծրարների մասին լուրերի պատճառով շատ քաղաքացիներ, հատկապես մարզերում, վախեցել են քվեարկել ընդդիմության օգտին՝ իշխանությունների հետ խնդիրներից խուսափելու համար, ուստի ընդդիմադիր ուժերի ցուցանիշները կարող էին զգալիորեն ավելի բարձր լինել։
Մեկնաբանելով հետագա քայլերը՝ Լևոն Քոչարյանն ընդգծել է, որ մանդատների վերաբերյալ վերջնական որոշում դեռևս չի ընդունվել, սակայն այդ գործիքը կարող է օգտակար լինել պայքարը շարունակելու համար։ «Եթե ընդդիմությունը խորհրդարան մտնելու միասնական որոշում ընդունի, մենք պետք է լինենք ավելի ուժեղ, կազմակերպված և պատրաստ ցանկացած ճնշման»,- հավելել է պատգամավորը՝ նկատելով, որ յուրաքանչյուր ընդդիմադիր բարոյապես պատրաստ է ձերբակալությունների կամ հարկային տեռորի։ Նա հերքել է նաև փողոցային պայքարի անարդյունավետության մասին պնդումները՝ ընդգծելով, որ մի քանի անհաջող փորձերը չեն նշանակում փողոցային ճնշման միջոցով իշխանափոխության անհնարինություն, իսկ գործող կառավարությանը հեռացնելու ռազմավարական նպատակը մնում է անփոփոխ։
Source: https://news.am/hy/news/1046129