ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մշակում է նոր կանոններ, որոնք միգրացիոն ծառայություններին թույլ կտան մերժել ապաստան ստանալու մասին հայցերի մի մասը՝ առանց դիմումատուների հետ հարցազրույց անցկացնելու։ Այս մասին հայտնել է CBS հեռուստաալիքը՝ հղում անելով համապատասխան փաստաթղթերին։

Փաստաթղթի համաձայն՝ միգրացիոն աշխատակիցները կմերժեն այն օտարերկրացիների հայցերը, որոնք ապաստան են խնդրել երկիր մուտք գործելուց ավելի քան մեկ տարի անց և չեն ներկայացրել օրինական բացառությունների հիմքեր։ Այս դեպքում հայցվորները կուղարկվեն ներգաղթի դատարան՝ արտաքսման ընթացակարգով:

Ինչպես նշում է CBS-ը, նոր միջոցառումները կդառնան Թրամփի վարչակազմի՝ ապաստանի տրամադրման համակարգի խստացմանն ուղղված քաղաքականության մի մասը։ ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայությունից (USCIS) հեռուստաալիքին հայտնել են, որ դիտարկում են տարբեր տարբերակներ՝ կուտակված և դեռևս չքննված ավելի քան 1 միլիոն դիմումների թիվը կրճատելու համար։

Իրենց հերթին, իրավապաշտպանները մտահոգություն են հայտնել, որ նոր կանոնները կարող են ապաստան հայցողներին զրկել փաստաթղթերն ուշացումով ներկայացնելու պատճառները բացատրելու հնարավորությունից, փոխանցում է CBS-ը։

Source: https://news.am/hy/news/1039981