ԱՄՆ ռազմածովային ուժերն առանց բարձրաձայնելու աջակցություն են ցուցաբերում առևտրային նավերին Հորմուզի նեղուցով անցնելիս, հայտնում են ամերիկյան ռազմական հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչները։

Ինչպես գրում է The Wall Street Journal պարբերականը՝ վկայակոչելով աղբյուրներին, հունական սուպերլցանավը, որը փոխադրում է 2 միլիոն բարել հում նավթ, ԱՄՆ ՌԾՈՒ ղեկավարությամբ և պահպանությամբ բարեհաջող անցել է Օմանի ափերի մոտ գտնվող այս ջրային ճանապարհով։ Հաղորդվում է, որ նավն արգելափակված էր Պարսից ծոցի ջրատարածքում մարտի սկզբից և այժմ ուղևորվում է Հնդկաստան՝ բեռը տեղ հասցնելու նպատակով։

Այս ամսվա սկզբին ԱՄՆ-ն արդեն փորձել էր կազմակերպել նավերի անցումը Հորմուզի նեղուցով՝ «Ազատություն նախագիծ» կոչվող նախաձեռնության շրջանակում։ Ի սկզբանե նախագահ Թրամփն այս գործողությունը ներկայացնում էր որպես մարդասիրական ժեստ.

«...որը կոչված է ազատագրելու մարդկանց, ընկերություններին և երկրներին, որոնք բացարձակապես ոչ մի դատապարտելի բան չեն արել»։

Սակայն նախագծի իրագործումը դադարեցվեց դրա հայտարարումից ընդամենը երկու օր անց. Իրանը սկսեց հարվածներ հասցնել նավերին, իսկ Սաուդյան Արաբիան սահմանափակեց ԱՄՆ զինված ուժերի մուտքն իր ռազմաբազաներ և օդային տարածք։

The Wall Street Journal-ի աղբյուրները նշել են, որ առաջիկա օրերին ԱՄՆ ռազմածովային ուժերը նախատեսում են աջակցել նեղուցով մոտ մեկ տասնյակ քաղաքացիական նավերի, այդ թվում՝ սուպերլցանավերի և բեռնարկղատարների անցմանը։

Ընդ որում, ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) պաշտոնական ներկայացուցիչը հերքել է այն տեղեկությունը, թե Վաշինգտոնը վերսկսում է «Ազատություն նախագծի» իրագործումը։

Source: https://news.am/hy/news/1038626