ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Նյուարք քաղաքի իշխանությունները Delaney Hall միգրանտների ժամանակավոր պահման կենտրոնի շրջակայքում պարետային ժամ են սահմանել ցուցարարների և ոստիկանության միջև տեղի ունեցած մի շարք բուռն բախումներից հետո, հայտնում է Associated Press-ը։

Քաղաքապետ Ռաս Բարական հայտարարել է, որ սահմանափակումը կգործի ամեն օր՝ ժամը 21:00-ից մինչև 06:00-ն, մինչև հատուկ կարգադրություն։ Որոշումն ընդունվել է օբյեկտի մոտ շարունակվող գիշերային բախումների ֆոնին, որտեղ ցուցարարներն ու ուժայինները արդեն մի քանի օր է՝ դիմակայում են միմյանց։

Ականատեսների հաղորդումների և տեսանյութերի համաձայն, ցուցարարները փորձել են ճեղքել ոստիկանության պատնեշները, ինչից հետո իրավապահները նրանց հետ մղելու համար կիրառել են վահաններ և հեծյալ ոստիկանություն։ Կադրերում երևում է նաև, թե ինչպես են ձիերով ոստիկանները մտնում ամբոխի մեջ՝ փորձելով ցրել հավաքվածներին։

Delaney Hall-ի մոտ բողոքի ակցիաները սկսվել էին ավելի վաղ՝ այս ամսվա ընթացքում, այն բանից հետո, երբ իրավապաշտպանները հաղորդել էին հացադուլի մասին կալանավորվածների շրջանում, որոնք դժգոհում էին մոտ 1000 մարդու համար նախատեսված կենտրոնում պահման պայմաններից։ Սա դարձել է ԱՄՆ դաշնային իշխանությունների միգրացիոն քաղաքականության դեմ բողոքների հերթական դրվագը։

Նյու Ջերսի նահանգի ոստիկանությունը նախօրեին իր վրա է վերցրել իրավիճակի վերահսկողությունը՝ փոխարինելով դաշնային ներգաղթի ծառայություններին, որոնք նախկինում մասնակցում էին օբյեկտի պահպանությանը։

Նահանգապետ Միկի Շերիլը հայտարարել է, որ դիմակներով բողոքի ակցիայի մասնակիցների մի մասը հարձակվել է արգելապատնեշների վրա, դրանք օգտագործել որպես զենք և փողոցում այրել ավտոմեքենաների անվադողեր։

«Այս գործողությունները վտանգի տակ են դնում ինչպես խաղաղ ցուցարարներին, այնպես էլ իրավապահ մարմինների աշխատակիցներին», — նշել է Շերիլը՝ կոչ անելով պահպանել հանդարտություն և կենտրոնանալ կալանավորվածների պայմանների բարելավման ու Delaney Hall կենտրոնի հնարավոր փակման վրա։

Source: https://news.am/hy/news/1039821