«Հըզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Նաիմ Քասեմը պահանջել է Իսրայելի հետ համապարփակ հրադադարի կնքում և լիբանանյան տարածքներից իսրայելական ուժերի դուրսբերում, հայտնում է Ֆրանսպրես գործակալությունը։

Այս հայտարարությունը հնչել է այն լուրերի հետնապատկերին, ըստ որոնց խմբավորումը մերժել է հրադադարի մասին համաձայնագրի նախագիծը, որը քննարկվում էր Վաշինգտոնում՝ ԱՄՆ միջնորդությամբ։

Al-Manar հեռուստաալիքով հեռարձակված գրավոր ուղերձում Քասեմը հայտարարել է, որ կրակի դադարեցումը պետք է համալիր բնույթ ուենա և թույլ չտա որևէ բաժանում Լիբանանի հարավային շրջանների և երկրի մնացած մասի միջև։ Նա ընդգծել է նաև, որ Իսրայելը չպետք է պահպանի «սպանությունների համար գործողությունների ազատությունը»։

Բանակցություններին մասնակցած աղբյուրների տվյալներով՝ Վաշինգտոնում անցկացված բանակցությունների չորրորդ փուլում Իսրայելի և Լիբանանի ներկայացուցիչները համաձայնեցրել են հրադադարի շրջանակը, որը նախատեսում է կրակի դադարեցում՝ «Հըզբոլլահի» հարձակումների դադարեցման և հարավային շրջաններից դեպի Լիտանի գետից հյուսիս նահանջելու պայմանով։

Սակայն «Հըզբոլլահի» ներկայացուցիչը Ֆրանսպրես գործակալությանը հայտնել է, որ կազմակերպությունը մերժել է առաջարկված համաձայնագիրը։ Ըստ նրա՝ այդ դիրքորոշումը փոխանցվել է Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերիին, որը հանդես է գալիս իբրև միջնորդ և համամիտ է խմբավորման մոտեցմանը։

Քասեմը լիբանանյան իշխանություններին կոչ է արել դադարեցնել Իսրայելի հետ ուղիղ բանակցությունները՝ դրանք անվանելով «ֆարս և նվաստացում», և հայտարարել է, որ քանի դեռ շարունակվում են հարվածները լիբանանյան գյուղերին և զոհվում են խաղաղ բնակիչներ, հյուսիսում իսրայելական բնակավայրերը ևս անվտանգ չեն լինի։

Վաշինգտոնում անցկացված բանակցությունների արդյունքներով հրապարակված համատեղ հայտարարության մեջ ասնշվում է, որ առաջարկվող համաձայնագիրը ենթադրում է «Հըզբոլլահի» կողմից կրակի դադարեցում և նրա մարտիկների դուրսբերում Լիտանիից հարավ ընկած տարածքից, որը Իսրայելի հետ սահմանից մոտ է 30 կիլոմետր հեռավորության վրա։

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ իսրայելական բանակը կշարունակի ռազմական և ցամաքային գործողությունները, կպահպանի «անվտանգության գոտին» և կշարունակի այն ենթակառուցվածքների ոչնչացումը, որոնք Իսրայելում համարում են ահաբեկչական։ Նա ընդգծել է նաև, որ Իսրայելը պահպանում է գործողությունների ազատությունը՝ անհրաժեշտության դեպքում Բեյրութին հարվածներ հասցնելու համար։

Այս ֆոնին Քասեմը հայտարարել է, որ «Հըզբոլլահի» նահանջը հավասարազոր կլինի «կապիտուլյացիայի և պարտության»՝ հավելելով, որ շարժումը կշարունակի դիմադրությունը, քանի դեռ մարտական գործողությունները շարունակվում են։

Source: https://news.am/hy/news/1040937