Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվող խաղաղության գործընթացը, ինչպես նաև Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը հուսադրող են։ Սա ավելի մեծ կայունության և համագործակցության հեռանկարներ է ստեղծում մեր լայն տարածաշրջանի համար։ Այս մասին Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) 67-րդ լիագումար նիստում իր ունեցած ելույթում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

Նրա խոսքով՝ այսօր տարածաշրջանը մեծ պոտենցիալ ունի՝ առևտրի, տրանսպորտի, էներգետիկայի և թվային կապի հանգույցի կարգավիճակում իր դերն ամրապնդելու համար։

«Համագործակցության հետագա ամրապնդման համար մենք պետք է ներկա ժամանակահատվածը դիտարկենք ոչ միայն մարտահրավերների, այլև նոր հնարավորությունների տեսանկյունից»,- նշել է խոսնակը։

Պապուաշվիլին հավելել է, որ այս ամսվա սկզբին Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի լիարժեք շահագործումը, որը Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ ռազմավարական նախագիծն է, փոխշահավետ համագործակցության և տարածաշրջանի զարգացման գործում համատեղ ներդրման վառ օրինակ է։

Source: https://news.am/hy/news/1046885