«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պահանջով թիվ 27/26 ընտրատեղամասի քվեների վերահաշվարկը սկսվել է, ծրարները բացելուց հետո պարզ է դարձել, որ ԲՀԿ-ն այստեղ ստացել է 19 ձայն՝ այնքան, որքան նշվել էր քվեարկության արձանագրության մեջ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, սակայն, 19–ի փոխարեն իր կայքում հրապարակել էր ընդամենը 3 ձայն, գրում է «Ազատությունը»։

«Բարգավաճ Հայաստան»-ը անճշտությունների մասին բարձրաձայնել էր նախօրեին, երբ միայն չորս ընտրատեղամասերում, ընդդիմադիր կուսակցության տվյալներով, 120 ձայն ԿԸՀ-ն չէր հաշվարկել:

ԲՀԿ-ն նաև մի շարք ընտրատեղամասերում վերահաշվարկ է պահանջել, այդ թվում թիվ 27/7-ում, որտեղ, ինչպես պնդում է, 77 ձայներից 76-ը չէր հաշվարկվել:

Թե արդյոք ԲՀԿ-ն կհաղթահարի 4-տոկոսանոց անցողիկ շեմը, ըստ ԿԸՀ-ի, պարզ կդառնա կիրակի օրը, երբ հրապարակվեն վերջնական արդյունքները: Նախնական արդյունքներով Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ուժը ստացել 3.996 տոկոս ձայն:

ԿԸՀ մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանն էլ հայտնել է, որ ԲՀԿ–ի արձանագրած անճշտությունները կուղղվեն ու արդեն արտացոլված կլինեն ուրբաթ օրը հրապարակվելիք քաղվածքներում, ինչպես նաև կիրակի օրը հրապարակվելիք ընտրությունների վերջնական արդյունքներում:

«Բարգավաճ Հայաստան»-ը անճշտությունների մասին բարձրաձայնեց նախօրեին, երբ միայն չորս ընտրատեղամասերում, ընդդիմադիր կուսակցության տվյալներով, 120 ձայն ԿԸՀ-ն չէր հաշվարկել:

Վերահաշվարկի համար ԲՀԿ-ից բացի դիմել է ընտրություններին մասնակցող ևս երկու ուժ՝ «Միասնության թևեր»-ը և «Հայաստան» դաշինքը:

Source: https://news.am/hy/news/1042327