2026 թվականին Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառը կկազմի մինչև 143,6 մլն խորանարդ մետր։ Սա պակաս է օրենքով նախատեսված՝ ոչ ավելի, քան 170 մլն խորանարդ մետր ջրի սահմանաչափից։

Համապատասխան որոշումն ընդունվել է Հայաստանի կառավարության մայիսի 21-ի նիստում։ Լրացուցիչ ջրառի անհրաժեշտության դեպքում կառավարությունը կկարողանա թույլտվություն խնդրել խորհրդարանից։

Որոշման մեջ նշվում է նաև, որ ըստ ջրօգտագործողների հայտերի՝ 2026 թվականի ոռոգման սեզոնին Սևան-Հրազդանյան դերիվացիոն համակարգից սնվող հողատարածքները կազմել են շուրջ 30,13 հազար հա, իսկ ոռոգման ջրի պահանջարկը կկազմի մոտ 487,7 մլն խորանարդ մետր։

Նշված ծավալը նախատեսվում է ապահովել Հրազդան գետից, Ազատի և Ապարանի ջրամբարներից՝ հաշվի առնելով «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի 2026 թվականի գարնանային վարարումների կանխատեսումները։

Արդյունքում հնարավոր ջրառի և ջրամատակարարման տարբերությունը կազմել է մոտ 140 մլն խորանարդ մետր, որը կվերցվի Սևանա լճից։

Source: https://news.am/hy/news/1037264