2025 թվականի արդյունքներով Հայաստանի պետական բյուջեի եկամուտները կազմել են 2 տրիլիոն 886 միլիարդ 500 միլիոն դրամ։ Այս ցուցանիշը 307 միլիարդ դրամով կամ 11%-ով ավելի է 2024 թվականի համեմատ, իսկ 2017 թվականի համեմատությամբ աճել է 2,3 անգամ կամ 1 տրիլիոն 648,8 միլիարդ դրամով։ Այս մասին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, 2025 թվականի պետական բյուջեի կատարողականի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ սա առանձնահատուկ ուշադրության արժանի ցուցանիշ է, քանի որ փաստացի արձանագրվել է, որ 2025 թվականի պետական բյուջեի եկամտային մասը 2017 թվականի համեմատ կրկնապատկվել է:
«Այսինքն՝ աճել է մոտ 135%-ով։ Կարծում եմ՝ սա չափազանց կարևոր ու նշանակալի ցուցանիշ է, և դրա համար ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող և օրենքով սահմանված հարկերը վճարող բոլոր քաղաքացիներին, ինչպես նաև այն քաղաքացիներին ու տնտեսվարողներին, որոնք պահանջում և տրամադրում են հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններ։ Ես բազմիցս ասել եմ, որ Հայաստանի Հանրապետության բյուջեն մեր ընդհանուր ընտանիքի բյուջեն է, և մեզնից յուրաքանչյուրը պետք է հենց այդպիսի վերաբերմունք ունենա պետական բյուջեի նկատմամբ», - նշել է Փաշինյանը։
Source: https://news.am/hy/news/1041939