Հայաստանն ակտիվորեն ընդլայնում է պաշտպանական համագործակցությունը Հնդկաստանի հետ։ Ինչպես հայտնում է Times of India-ն, Երևանը զենքի գնման պայմանագրեր է ստորագրել ընդհանուր մոտ 2 միլիարդ դոլար արժողությամբ՝ ձգտելով ամրապնդել իր զինված ուժերը Ադրբեջանի, Պակիստանի և Թուրքիայի դաշինքի կողմից աճող սպառնալիքների ֆոնին։

Այս քայլը պայմանավորված է նրանով, որ Հայաստանը ստիպված է անվտանգության ոլորտում նոր գործընկերներ փնտրել Ռուսաստանի կողմից ռազմական աջակցության կրճատումից հետո, ինչն առաջացել է Ուկրաինայում ձգձգվող հակամարտության պատճառով։ Իր պաշտպանունակությունը բարձրացնելու և բանակն արդիականացնելու նպատակով Երևանը Հնդկաստանից առաջադեմ սպառազինության համակարգեր է գնում։

Կապերի խորացման շրջանակում Հայաստանի զինված ուժերի՝ երեք հոգուց բաղկացած պատվիրակությունը վերջերս այցելել է Նաշիկ քաղաքի (Մահարաշտրա նահանգ) հրետանային ուսումնարան։ Հայ զինվորականները ծանոթացել են ուսուցման հնդկական մեթոդներին և հետևել հրետանու մարտական հրաձգության ընթացքին։

Բացի դրանից, անցյալ ամիս ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը Նյու Դելիում բարձր մակարդակի բանակցություններ է վարել Հնդկաստանի պաշտպանության նախարարության ղեկավարության, նրանց թվում՝ Պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի և Ցամաքային զորքերի շտաբի պետ, գեներալ Ուպենդրա Դվիվեդիի հետ։

Հնդկաստանը դարձել է Հայաստանի գլխավոր պաշտպանական գործընկերներից մեկը 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո։

2020 թվականից ի վեր Հայաստանը Հնդկաստանի հետ կնքել է ընդհանուր առմամբ մոտ 2 միլիարդ դոլարի պաշտպանական պայմանագրեր։ Դրանք ներառում են հետևյալ սպառազինությունները. Swathi հակամարտկոցային պայքարի ռադիոլոկացիոն կայաններ, Pinaka համազարկային կրակի բազմատրամաչափ հրթիռային համակարգեր,. անօդաչուների դեմ պայքարի առաջադեմ համալիրներ։ 2022 թվականին Երևանը դարձավ հնդկական Akash զենիթահրթիռային համալիրի առաջին արտասահմանյան պատվիրատուն՝ ստորագրելով 720 միլիոն դոլար արժողությամբ պայմանագիր, ինչն էապես ամրապնդեց երկրի հակաօդային պաշտպանության ներուժը։

Akash համակարգերի մատակարարումները սկսվել են 2024 թվականին՝ բարձրացնելով ԱԹՍ-ների և հրթիռային զենքի կողմից բխող սպառնալիքներին հակազդելու Հայաստանի հնարավորությունները։

Բացի դրանից, Նյու Դելին Հայաստանին մատակարարել է անօդաչուների դեմ պայքարի մասնագիտացված համալիրներ՝ ռազմաբազաների և կրիտիկական ենթակառուցվածքների օբյեկտների պաշտպանության համար։ Ներկայում երկու երկրների պաշտոնյաները քննարկում են նաև ռազմական պատրաստության, համատեղ պաշտպանական արտադրության ոլորտում համագործակցության հեռանկարները և հայկական Су-30СМ կործանիչների հնարավոր արդիականացումը՝ հնդկական տեխնոլոգիաների կիրառմամբ։

Երևանն ավելի ու ավելի հաճախ է դիմում Նյու Դելիին՝ առաջադեմ սպառազինության համակարգերի, ռազմական պատրաստության ծրագրերի և համատեղ պաշտպանական արտադրության ոլորտում հեռանկարային նախագծերի համար, ինչը Հնդկաստանին վերածում է կարևոր դերակատարի Հարավային Կովկասում ուժերի ռազմավարական հավասարակշռության համակարգում։

Source: https://news.am/hy/news/1038603