Հայկական բանակը սկանդալի ուղեկցությամբ փոխել է իր գլխավոր խորհրդանիշներից մեկը՝ երկրի Զինված ուժերի զինանշանը։ Ի՞նչ փոփոխություններ են կատարվել, ինչպե՞ս է Հայաստանի պաշտպանության նախարարը հիմնավորել դրանց անհրաժեշտությունը, և ինչո՞ւ հայկական հասարակությունում բոլորը չէ, որ գոհ են նոր խորհրդանիշից։
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտոնապես հաստատել է Հայաստանի ԶՈւ զինանշանի փոփոխությունը․ համապատասխան տեսաուղերձը նա հրապարակել է իր թելեգրամ-ալիքում։ Գործող օրենսդրությունը թույլ է տալիս նման փոփոխություններ կատարել առանց խորհրդարանի հաստատման, քանի որ բանակի զինանշանը ոչ թե պետական, այլ ընդամենը գերատեսչական խորհրդանիշ է, գրել է «Взгляд»-ը։
«Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի 2001 թվականին հաստատված նախկին զինանշանն ուներ մի շարք հերալդիկական, ձևաբանական և գաղափարական թերություններ։ Այդ պատճառով բանակի վերափոխման շրջանակում նախաձեռնվեցին նաև զինանշանի թարմացումն ու շտկումը»,– գրել է Պապիկյանը։
Նոր զինանշանի վրա պատկերված է Հայաստանի դրոշը, որի վրա՝ երկրի քարտեզը (այն տեսքով, որով այն օգտագործվում է Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կրծքանշանի վրա)։ Այս քարտեզը նախկինում Հայաստանի ԶՈւ զինանշանի վրա ընդհանրապես չկար։ Պատկերի սխեմատիկությունը հասկանալով հանդերձ՝ աչքի է ընկնում այն, որ քարտեզը այնքան էլ չի համապատասխանում Հայկական ԽՍՀ սահմաններին փլուզման պահին, այսինքն՝ փաստորեն հայկական Զինված ուժերի զինանշանը հռչակում և հաստատում է հայկական տարածքների հանձնումը։ Ինչպես, ի դեպ, նաև Փաշինյանի կուսակցությունը։
Պատկերված է նաև արծիվը՝ սրով և խաչով, սակայն վահանի վրայի հավասարաթև խաչը հանվել է, դրա փոխարեն տեղադրվել է ութաթև աստղի նմանվող այլ նշան։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հավաստիացնում է, որ դա «հայկական ութաթև խաչ-արևն» է։ Այն որոշ չափով, թեև շատ հեռավոր կերպով, հիշեցնում է այսպես կոչված արևախաչը, այսինքն՝ հավերժության հին հայկական խորհրդանիշը (որը, իրականում, ավելի շատ նման է սվաստիկայի կամ նավի պտուտակի)։
Պապիկյանը սոցցանցերից մեկում հանդես է եկել պարզաբանումներով, թե ինչու իրեն դուր չէր գալիս զինանշանի նախկին տեսքը։ Նրա խոսքով՝ հին զինանշանի հիմնական տարրը՝ արծիվը, պատկերված էր փակ կտուցով։ Սակայն հերալդիկայում փակ կտուցը խորհրդանշում է հանգիստ, ոչ մարտական վիճակ, հաճախ ընկալվում է որպես անկենդան կերպար, ինչը հակասում է հենց բանակի էությանը։
Բացի այդ, արծիվը մարմին չուներ (այն միաձուլված էր ընդհանուր մակերեսին՝ ստեղծելով միայն փետուրներից հավաքված կերպար), վերջույթներ, ճանկեր և զենք։ «Այս ամենը ստեղծում է խեղված, անօգնական և խոցելի արարածի տպավորություն, ինչն անթույլատրելի է բանակի խորհրդանիշի համար»,– նշել է Պապիկյանը։
Նաև նախկին զինանշանի վրա սուրը տեղադրված էր վահանի հետևում, ինչը հերալդիկայում նշանակում է պաշտպանության պատրաստակամության բացակայություն։ Սակայն Հայաստանի բանակի առաքելությունը երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելուն մշտապես պատրաստ լինելն է, գրել է Պապիկյանը։
Հայաստանի ՊՆ-ի կարծիքով՝ հին տարբերակում պետական դրոշի պատկերման մեջ թույլ էր տրվել կոպիտ սխալ․ այն ներկայացված էր ոչ թե որպես մեկ ամբողջություն, այլ բաժանված էր առանձին ժապավենների և կտորների։ «Նման աղավաղումը խորհրդանշական իմաստով կարող է մեկնաբանվել որպես պառակտված, մասնատված կամ ոչ ամբողջական պետություն»,– ասվում է Պապիկյանի պրեզենտացիոն տեսանյութում։
Հայաստանի ՊՆ մեկնաբանությամբ՝ նոր զինանշանի վրա արծիվը լիովին վերիմաստավորվել է։ Այժմ այն պատկերված է որպես «լիարժեք կենդանի էակ՝ ամբողջական մարմնով»։
Արծվի կտուցը բաց է, ինչը հերալդիկայում, Պապիկյանի մեկնաբանությամբ, խորհրդանշում է կենսական ուժ, պատրաստակամություն, զգոնություն, խոսքի իրավունք և ուժ։ Արքայական գիշատչի հստակ և դինամիկ կեցվածքն անմիջականորեն արտացոլում է Հայաստանի բանակի զգոնությունն ու մարտական ոգին։ Այդպիսով, այն պետք է մարմնավորի բանակի առաքելությունը՝ պաշտպանել Հայաստանի Հանրապետության անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
Արծվի կրծքին տեղադրված է կլոր ոսկե վահան՝ զարդարված «հայկական ութաթև խաչ-արևով», իսկ կենտրոնում՝ հատիկը՝ որպես Հայաստանի բանակի կենտրոնական խորհրդանիշ։ Պնդվում է, որ հատիկը մարմնավորում է ապագա զինվորներին, որոնք պատերազմի դարբնոցում պետք է ծլեն, դառնան ծառ ու պտուղ և նորից սերմ տան՝ որպես հավերժական անընդհատության նշան։ Արծվի վրա գտնվող վահանը պաշտպանության խորհրդանիշ է։ Ճիշտ է, հարկ է պարզաբանել, որ այդ «հատիկը» պատկերված է սովորական քառանկյան տեսքով, և դրա մեջ «ապագա զինվորների» խորհրդանիշ տեսնել հնարավոր է միայն շատ զարգացած երևակայության դեպքում։
Ճանկերի մեջ արծիվը պահում է պատմական նշանակություն ունեցող զենքեր․ ձախում՝ ոսկե սուր, աջում՝ Աշոտ Երկաթի՝ Հայաստանի բանակի հովանավորի Սուրբ Խաչը և զինվորական թալիսմանը։ Արծվի ճանկերում գտնվող սուրը խորհրդանշում է մշտական մարտական պատրաստվածություն։
Հայկական բանակի նոր խորհրդանիշն առաջին անգամ հայտնվեց բոլորովին վերջերս՝ մայիսի 28-ին նվիրված շքերթի փորձի ժամանակ՝ Հայաստանի անկախության օրվա առթիվ, և անմիջապես էլ հայկական հասարակության մեջ առաջացրեց հույզերի ու վեճերի փոթորիկ։ Բանն այն է, որ բանակի խորհրդանիշի փոփոխությունները կատարվել են փակ դռների հետևում՝ առանց հանրային քննարկման և փորձագետների ներգրավման։ Հայկական հասարակության մեջ ձևավորվել է այն տպավորությունը, որ հենց փորձագիտական ուղեկցության բացակայությունն էլ ծնել է Սուրեն Պապիկյանի մտորումները «արծվի կտուցի», քառանկյուն «հատիկի» և «ութաթև խաչ-արևի» մասին։
«Հարց է ծագում՝ ինչո՞ւ հանրությանը նախապես չեն տեղեկացրել Հայաստանի համար այսչափ կարևոր խորհրդանիշը փոխելու ծրագրերի մասին»։
Առանձնահատուկ վրդովմունք է առաջացրել ոչ այնքան երկրի քարտեզը, որը ներկայացված է իր «բարեփոխված» տարբերակով, որքան քրիստոնեական խաչի բացակայությունը, որը հին զինանշանի վրա վահանի կենտրոնական տեղն էր զբաղեցնում։ «Աշոտ II Երկաթի՝ X դարի հայ և վրացի շահնշահի խաչը», որը համարվում է բանակի հովանավորը, այնուամենայնիվ, ամբողջությամբ քրիստոնեական խորհրդանիշ չէ, այլ ավելի շուտ «գերատեսչական» է։ Խորհրդանիշների նման փոփոփությունը կարող է կապված լինել Փաշինյանի՝ հասարակության կյանքում Հայ Առաքելական եկեղեցու դերը սահմանափակելու ձգտման հետ։
Պետական խորհրդանիշներում փոփոխություններ կատարելը պահանջում է արդեն ոչ թե բանակի, այլ խորհրդարանի հավանությունը, հետևաբար՝ բաց քննարկումներ։ Ըստ երևույթին, այդ քննարկումները վարվել են թաքուն ռեժիմով և այնքան անհարմար են եղել գործող հայկական իշխանությունների համար, որ պետական խորհրդանիշների մասին հարցը որոշել են չներկայացնել խորհրդարանի քննարկմանը։
Source: https://news.am/hy/news/1039284
Armenia
«Взгляд»․ Հայաստանի Զինված ուժերի նոր զինանշանը հռչակում և հաստատում է հայկական տարածքների հանձնումը
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Armenia նորությունները Telegram-ում
Հետևիր Armenia թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։