Չորեքշաբթի օրը ամերիկյան ֆոնդային բորսաներում առևտրային նստաշրջանն անկումով է փակվել, քանի որ շուկայի մասնակիցները վերլուծում էին աշխարհաքաղաքական և կորպորատիվ թարմ նորությունները։
ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է, որ ամերիկյան զորքերը հարվածներ են հասցրել իրանական Քեշմ կղզուն։ Սա պատասխան քայլ էր Թեհրանի այն փորձերին, որոնցով վերջինս բալիստիկ հրթիռներով թիրախավորել էր Քուվեյթն ու Բահրեյնը։ Մինչ այդ Իրանը երկու բալիստիկ հրթիռ էր արձակել Քուվեյթի, ևս երեքը՝ Բահրեյնի ուղղությամբ, սակայն դրանցից ոչ մեկը նպատակակետին չէր հասել։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The New York Post պարբերականին տված հարցազրույցում հույս է հայտնել, որ Իրանի հետ հակամարտությունը շուտափույթ կհանգուցալուծվի։ Միևնույն ժամանակ, նա չի բացառել նաև գործընթացի ձգձգումը, ինչի հետևանքով Հորմուզի նեղուցում ամերիկյան շրջափակումը կարող է տևել ևս մի քանի ամիս։ Թրամփը լավատեսորեն է արտահայտվել Իրանի հետ ընթացող բանակցությունների մասին՝ նշելով, որ իրավիճակը «արագորեն զարգանում է»։
Իրանական լրատվամիջոցները նախօրեին հայտնել էին, որ Թեհրանն ուսումնասիրում է պատերազմի դադարեցման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկած համաձայնագիրը, թեև վերջին մի քանի օրվա ընթացքում Վաշինգտոնի հետ որևէ կապ չի հաստատել։
«Դեռևս հստակ չէ՝ արդյոք պատերազմի ավարտի և Հորմուզի նեղուցի ապաշրջափակման շուրջ բանակցությունները շարունակվում են, թե ոչ։ Այդուհանդերձ, վերջին իրադարձությունները փաստում են, որ ներդրողները, թերևս, չափազանց շտապողական են գտնվել՝ արձագանքելով ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի նախապատրաստման մասին լուրերին», — նշել է XTB ընկերության վերլուծաբան Քեթլին Բրուքսը:
Չորեքշաբթի օրը հրապարակված ADP Research-ի զեկույցի համաձայն՝ մայիսին ԱՄՆ մասնավոր հատվածում աշխատատեղերի թիվն ավելացել է 122 հազարով, ինչը ամենաբարձր ցուցանիշն է 2025 թվականի հունվարից ի վեր։ Trading Economics-ի հարցված փորձագետները միջինում կանխատեսում էին 117 հազարի աճ։
Մատակարարման կառավարման ինստիտուտը (ISM) հայտնել է, որ մայիսին ԱՄՆ ծառայությունների ոլորտի գործարար ակտիվության ինդեքսը (ISM Services) նախորդ ամսվա 53,6 կետից բարձրացել է մինչև 54,5 կետ։ Վերլուծաբանները միջինում ակնկալում էին ավելի համեստ աճ՝ մինչև 53,8 կետ։ Հիշեցնենք, որ այս ցուցանիշի՝ 50 կետից բարձր լինելը վկայում է ոլորտում գործարար ակտիվության աշխուժացման, իսկ ցածր լինելը՝ դանդաղման մասին։
Բացի այդ, ներդրողների ուշադրության կենտրոնում էին նաև կորպորատիվ նորությունները։
Palo Alto Networks-ի բաժնետոմսերն էժանացել են 5,6%-ով, թեև կիբերանվտանգության լուծումներ մշակող այս ամերիկյան ընկերությունը 2026 ֆինանսական տարվա երրորդ եռամսյակում արձանագրել է հասույթի 31% աճ և, իր արտադրանքի նկատմամբ բարձր պահանջարկի շնորհիվ, բարելավել է ամբողջ տարվա կանխատեսումները։
GameStop-ի շուկայական արժեքը (կապիտալիզացիան) թռիչք է ապրել՝ աճելով 5,9%-ով։ Տեսախաղերի և կենցաղային էլեկտրոնիկայի ամերիկյան խանութների այս ցանցն առաջին ֆինանսական եռամսյակում ռեկորդային զուտ շահույթ է գրանցել, ինչպես նաև 14%-ով ավելացրել է հասույթը՝ հասցնելով այն 835,3 միլիոն դոլարի։
Macy's Inc.-ի արժեթղթերը թանկացել են 0,7%-ով։ Ամերիկյան հանրախանութների այս ցանցն առաջին ֆինանսական եռամսյակում կտրուկ ավելացրել է զուտ շահույթը, արձանագրել հասույթի չնչին աճ և բարելավել տարեկան կանխատեսումները։
GitLab Inc.-ի բաժնետոմսերի գները նվազել են 3%-ով։ Ծրագրային ապահովման մշակմամբ զբաղվող ամերիկյան այս ընկերությունը նախորդ ֆինանսական եռամսյակում կրճատել է վնասները և ավելացրել հասույթը, ինչպես նաև հայտարարել է աշխատակիցների մոտ 14%-ի՝ շուրջ 350 հոգու կրճատման մասին։
Broadcom-ի շուկայական արժեքը նվազել է 0,5%-ով՝ եռամսյակային հաշվետվության սպասումների ֆոնին։ Հարկ է նշել, որ նախորդ չորս բորսային օրերի ընթացքում կիսահաղորդիչների արտադրության համաշխարհային այս հսկայի կապիտալիզացիան աճել էր 14%-ով։
Dow Jones Industrial Average ինդեքսն ընկել է 1,21%-ով և կազմել 50687,74 կետ։ Ինդեքսի կազմում ամենակտրուկ անկումը գրանցել են International Business Machines (IBM) ընկերության բաժնետոմսերը՝ արժեզրկվելով 7,1%-ով։ Salesforce Inc. և Honeywell International ընկերությունների արժեթղթերի գներն նույնպես նվազել են ավելի քան 5%-ով։
Standard & Poor's 500 ինդեքսը նվազել է 0,74%-ով՝ հասնելով 7553,68 կետի։
Nasdaq Composite բարձրտեխնոլոգիական ինդեքսը կորցրել է 0,89% և առևտրային նստաշրջանն ավարտել 26853,98 կետի մակարդակում։
Source: https://news.am/hy/news/1040755