Մայիսի 27-ի առավոտյան Ռոստովի մարզի ուղղությամբ իրականացված օդային հարձակման ժամանակ ՀՕՊ ուժերը Տագանրոգի երկնքում հրթիռ են կործանել։ Այս մասին հայտնել է մարզպետ Յուրի Սլյուսարը։ Նրա փոխանցմամբ՝ հրթիռի բեկորների ընկնելու հետևանքով երկու կին է տուժել, որոնցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ Սլյուսարը հստակեցրել է, որ բեկորներն ընկել են Ցիոլկովսկու փողոցում, որտեղ գտնվում է 325-րդ ավիացիոն վերանորոգման գործարանը (ԲԲԸ «325 ԱՎԳ»)։ Astra լրատվականի կողմից ականատեսների նկարահանած լուսանկարների ու տեսանյութերի վերլուծությունը ցույց է տալիս, որ հարձակումից հետո ձեռնարկության տարածքում հզոր հրդեհ է բռնկվել։ Գործարանը մասնագիտացված է Ան-12, Ան-72 և Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռների, Սու-24 ճակատային ռմբակոծիչների, Սու-25 գրոհիչների, ինչպես նաև Մի-8 և Մի-24 ուղղաթիռների վերանորոգման գործում։ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման պատճառով այս ձեռնարկությունը գտնվում է Եվրամիության, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատժամիջոցների ցուցակում։

Նույն օրը առավոտյան «երկու գերարագ թիրախներ» են «հայտնաբերվել և ոչնչացվել» Վորոնեժի երկնքում, հայտնել է Վորոնեժի մարզպետ Ալեքսանդր Գուսևը։ «Տուժածներ չկան։ Ընկնող բեկորներից վնասվել են անվադողերի տեղադրման կետի շենքն ու մի տնակ», — նշել է մարզպետը։ Ուկրաինական Exilenova+ մոնիթորինգային ալիքի տվյալներով՝ խոսքը Storm Shadow հրթիռների մասին է, որոնց թիրախը Վորոնեժի «Բալտիմոր» ռազմական օդանավակայանն էր, որտեղ, ի թիվս այլ տեխնիկայի, տեղակայված են նաև Սու-34 ինքնաթիռները։ Հարվածից հետո օդանավակայանի տարածքից սև ծխի հսկայական սյուն է բարձրացել։ Բացի այդ, Astra-ի փոխանցմամբ, անցած գիշեր հերթական հարվածի թիրախում է հայտնվել Կրասնոդարի երկրամասի Տուապսե քաղաքի նավթավերամշակման գործարանը (ՆՎԳ)։ Ականատեսների նկարահանած տեսանյութերից պարզ չէ՝ արդյոք ձեռնարկությունը վնասվել է, թե ոչ, իսկ տեղական իշխանությունները դեպքի վերաբերյալ որևէ տեղեկություն չեն հայտնել։

Բացի այդ, անցած գիշեր Ուկրաինայի զինված ուժերը (ՈւԶՈւ) անօդաչու թռչող սարքերով և Storm Shadow հրթիռներով գրոհել են բռնակցված Սևաստոպոլը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի կողմից նշանակված քաղաքապետ Միխայիլ Ռազվոժաևը։ Հրթիռներից մեկը հարվածել է Կենտրոնական բանկի Հարավային վարչության շենքին: Բռնկվել է շենքի տանիքը, ինչպես նաև վնասվել են հարակից տների պատուհաններն ու պատշգամբները։ Ռազվոժաևի փոխանցմամբ՝ նախնական տվյալներով տուժածներ չկան։ Վնասվել է նաև մի քաղաքային իշխանությւոնների կողմից չշահագործվող վարչական շենքը։

ՌԴ պաշտպանության նախարարության ամփոփագրի համաձայն՝ անցած գիշեր ՀՕՊ հերթապահ ուժերը յոթ մարզերի և օկուպացված Ղրիմի երկնքում «որսացել և ոչնչացրել են» ուկրաինական 140 անօդաչու թռչող սարք։ Ռազմական գերատեսչությունը հրթիռային հարձակումների հետմղման մասին որևէ հիշատակում չի արել։

Source: https://news.am/hy/news/1038680