Ամերիկյան ֆոնդային ինդեքսները չորեքշաբթի օրվա սակարկություններն ավարտել են տարբեր տատանումներով. շուկան գնահատել է վիճակագրական տվյալներն ու ԱՄՆ-ում տոկոսադրույքի բարձրացման հեռանկարները, ինչպես նաև սպասում է «Micron Technologies» ընկերության հաշվետվությանը։

Ներդրողների ուշադրության կենտրոնում է մնում Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) դրամավարկային քաղաքականությունը։ Անցյալ շաբաթ Դաշնային պահուստը, ինչպես և սպասվում էր, բազային տոկոսադրույքը պահպանել է տարեկան 3,5–3,75% միջակայքում, ընդ որում՝ կարգավորող մարմնի նոր ղեկավար Քևին Ուորշն ընդգծել է ԱՄՆ-ում գների կայունության վերականգնման կարևորությունը։

Այժմ թրեյդերները սեպտեմբերին Դաշնային պահուստի կողմից առանցքային տոկոսադրույքը 25 բազիսային կետով բարձրացնելու հավանականությունը գնահատում են մոտ 70%, մինչդեռ մեկ շաբաթ առաջ, «CME FedWatch»-ի տվյալներով, այդ հնարավորությունը գնահատել են 29%:

Հինգշաբթի օրը կհրապարակվի ամերիկացիների եկամուտների և ծախսերի վերաբերյալ մայիսյան զեկույցը, որը ներառում է գնաճի առանցքային ցուցանիշը (PCE ինդեքսը), որին հետևում է նաև ԴՊՀ-ն։ Այս տվյալները շուկայի մասնակիցներին կօգնեն ճշգրտել ԱՄՆ-ում տոկոսադրույքի հետագա հետագծի վերաբերյալ իրենց կանխատեսումները։

Միևնույն ժամանակ, չորեքշաբթի օրը հայտնի է դարձել, որ ԱՄՆ ընթացիկ հաշվի պակասուրդն առաջին եռամսյակում աճել է 2,6%-ով և կազմել 226,8 միլիարդ դոլար։ Ըստ վերանայված տվյալների՝ 2025 թվականի չորրորդ եռամսյակում պակասուրդը կազմել է 221,1 միլիարդ դոլար (նախկինում հաղորդված 190,7 միլիարդ դոլարի փոխարեն)։ «Trading Economics»-ի տվյալներով՝ վերլուծաբանները հունվար-մարտ ամիսներին միջինը սպասում էին ավելի ցածր՝ 217,5 միլիարդ դոլարի բացասական սալդո։

ԱՄՆ-ում նոր տների վաճառքի ծավալը մայիսին նախորդ ամսվա համեմատ նվազել է 7,3%-ով և տարեկան կտրվածքով կազմել 580 հազար տուն։ Վերլուծաբանները միջինում կանխատեսել են, որ մայիսյան վաճառքները կհասնեն 640 հազարի։

Բացի այդ, շուկայի մասնակիցները գնահատում էին ամերիկյան խոշոր ընկերությունների նորությունները։

FedEx Corp.-ի բաժնետոմսերը էժանացել են 0,1%-ով։ Աշխարհի խոշորագույն տրանսպորտային-լոգիստիկ ընկերություններից մեկը 2026 ֆինանսական տարվա չորրորդ եռամսյակում զուտ շահույթը կրճատվել է 3%-ով։

Cerebras Systems Inc.-ի կապիտալիզացիան նվազել է 19,6%-ով։ Արհեստական բանականության չիպեր մշակող և տվյալների կենտրոններ տնօրինող ամերիկյան այս ընկերությունը 2026 թվականի առաջին եռամսյակում գրեթե կրկնապատկել է իր հասույթը՝ գերազանցելով շուկայի սպասումները, սակայն կանխատեսել է, որ տարվա ընթացքում կնվազի շահութաբերությունը։

KB Home ընկերության շուկայական արժեքը թռիչքաձև աճել է 16,7%-ով։ Շինարարական ընկերությունը նախորդ եռամսյակում գրեթե չորս անգամ կրճատել է զուտ շահույթը (հասույթի 27% անկման ֆոնին), ընդ որում՝ շահույթը զիջել է շուկայի սպասումներին, իսկ հասույթը եղել է սպասվածից մի փոքր ավելի լավ։

Ավտոմեքենաների վարձույթով զբաղվող Hertz ծառայության արժեթղթերի գինը գահավիժել է 40,7%-ով այն բանից հետո, երբ ընկերությունը հայտարարեկ է, որ երկրորդ եռամսյակի ճշգրտված շահույթը մոտ կլինի կանխատեսված նվազագույն շեմին։ Ընկերությունը հայտարարել է նաև 100 միլիոն դոլարի լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման մասին։

Միևնույն ժամանակ, թռիչքաձև աճ են գրանցել նաև Wendy's արագ սննդի կետերի ցանցի բաժնետոմսերի գնանշումները՝ մանրածախ ներդրողների մեծ ուշադրության ֆոնին։ «Swaggy Stocks»-ի տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում այն դարձել է «Reddit» սոցիալական ցանցի թրեյդերական ֆորումներում երկրորդ ամենահաճախ հիշատակվող ընկերությունը։

Թրեյդերները սպասում էին հիշողության չիպեր արտադրող Micron Technology ընկերության հաշվետվությանը, որը հրապարակվել է չորեքշաբթի օրվա սակարկությունների փակումից հետո։ Հիշողության չիպերի համաշխարհային դեֆիցիտի ֆոնին ընկերության շուկայական արժեքը տարեսկզբից ի վեր աճել է 3,7 անգամ՝ գերազանցելով 1 տրիլիոն դոլարը։ Չորեքշաբթի օրվա հիմնական բորսայական նստաշրջանի ընթացքում արժեթղթերի գնանշումները նվազել են 0,1%-ով։ «Բոլորը հետևելու են Micron-ին։ Կարծում եմ՝ եռամսյակը, ինչպես և սպասվում էր, հիանալի կլինի, բայց ես գնանշումների հետագա աճ չէի ակնկալի»,- նշել է «Freedom Capital Markets»-ի շուկայական ավագ ստրատեգ Ջեյ Վուդսը։

Dow Jones Industrial Average ինդեքսն աճել է 0,35%-ով և կազմել 51848,9 կետ։ Ինդեքսի կազմում աճի առաջատար են դարձել Home Depot Inc.-ի բաժնետոմսերը, որոնք թանկացել են 5,7%-ով։ Միևնույն ժամանակ, Chevron Corp., Walt Disney Co., Microsoft Corp. և Verizon Communications ընկերությունների արժեթղթերի գինը նվազել է ավելի քան 2%-ով։

Standard & Poor's 500 ինդեքսի արժեքը նվազել է 0,1%-ով՝ հասնելով 7358,22 կետի։

Nasdaq Composite-ը կորցրել է իր արժեքի 0,43%-ը և սակարկություններն ավարտել 25476,64 կետի մակարդակում։

Source: https://news.am/hy/news/1045722